Մատչելիության հղումներ

Ռենե վան դեր Լինդեն. «Ազատություն» ռադիոկայանի հետ կապված մտահոգությունները կփոխանցեմ վարչապետին եւ խորհրդարանի խոսնակին»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը այսօր խոստացավ Հայաստանի վարչապետին եւ խորհրդարանի խոսնակին փոխանցել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավոր սահմանափակման հետ կապված մտահոգությունները:

Հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր Երեւանում կայացած հանդիպման ընթացքում Ռենե վան դեր Լինդենին ներկայացվեց ընդդիմության եւ հասարակության որոշ մասի անհանգստությունը՝ կապված խորհրդարանում վերջին օրերին քննարկվող օրինագծերի հետ:

Երեկ Ազգային ժողովը չկարողացավ հաստատել այն օրինագծերը, որոնց կիրարկումը, որոշ վերլուծաբանների կարծիքով, կարող էր խիստ սահմանափակել Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունը:

«Ա1+» հեռուստակայանի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը Ռենե վան դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց, որ «Ազատություն» ռադիոկայանին «ավելի դաժան ճակատագիր է սպասում»: Նա չմանրամասնեց, թե ինչի վրա է հիմնվում նման պնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG