Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր կորոշվի 2014-ի ձմեռային Օլիմպիադայի անցկացման վայրը


Այսօր Գվատեմալայում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կորոշի 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի անցկացման վայրը: Հավակնորդ քաղաքները երեքն են` հարավկորեական Փյոն Չանը, ավստրիական Զալցբուրգն ու ռուսաստանյան Սոչին:

ՄՕԿ-ի 111 անդամներից առաջին փուլում քվեարկելու իրավունք կստանան 97-ը: Քվեարկությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ թեկնածուներից մեկը հավաքի հաղթանակի համար անհրաժեշտ` 50 տոկոս գումարած մեկ ձայները: Ըստ վերջին փորձագիտական գնահատականների, առայժմ ամենանախընտրելին կորեական քաղաքի հնարավորություններն են:

Զալցբուրգն ու Սոչին, ըստ վերջին տեղեկությունների, ՄՕԿ-ի անդամների շրջանում գրեթե հավասար թվով կողմնակիցներ ունեն: Ռուսական կողմը, սակայն, հույս ունի ՄՕԿ-ի դեռեւս չկողմնորոշված անդամների համակրանքը շահել քաղաքական «ծանր հրետանու» օգնությամբ. երեկ երեկոյան Գվատեմալա է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի` քվեարկությանը նախորդող նիստին կներկայացնի Սոչիի դիմումը:

Մասնագետների կարծիքով, երեք թեկնածուներն էլ ունեն ուժեղ եւ թույլ կողմեր: Զալցբուրգի գլխավոր առավելությունը ձմեռային սպորտի համաշխարհային կենտրոններից մեկում` Ալպերում գտնվելն է: Փյոն Չանի օգտին խոսում է ավանդական կորեական կազմակերպվածությունն ու միջազգային մրցումներ կազմակերպելու` Հարավային Կորեայի մեծ փորձը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի «հարավային մայրաքաղաքին», ապա, ռուս մասնագետներից ոմանց պնդմամբ, Սոչիի քաղաքային ենթակառուցվածքները վերջին շրջանում բավական լուրջ բարեփոխումների են ենթարկվել:

Մոսկվացի վերլուծաբան Յուլյա Lատինինայի պնդմամբ, սակայն, պետբյուջեից Սոչիին հատկացվող գումարների զգալի մասը պարզապես մսխվում է, իսկ ռուսական կազմկոմիտեն առայժմ միայն նախագծեր է ներկայացնում` կոնկրետ կառույցների փոխարեն:

«Կարելի էր ներկայացնել Օլիմպիական ավանի, Մարզապալատի նախագծերը, բայց կա մի խնդիր, որը Սոչիի պարագայում գրեթե անհաղթահարելի է` դա տրանսպորտային պրոբլեմն է», - ընդգծել է վերլուծաբանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեում քվեարկությունը կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 17:00-ին, երբ Երեւանում արդեն ուշ գիշեր կլինի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG