Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեւանյան թերթերը այսօր անդրադառնում են հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթի մերժմանը, որի ընդունման դեպքում, շատ փորձագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով, «Ազատություն» ռադիոկայանի եթերը Հայաստանում կսահմանափակվեր: «Խորհրդարանը փրկեց խոսքի ազատությունը», - վերնագրել է «Հայոց Աշխարհ»-ը: «Հաղթանակ կոճակային մեծամասնության հանդեպ», - գրում է «Առավոտ»-ը: «Կոճակային մեծամասնությունը տապալվեց»`«Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման վերնագիրն է: «Անսպասելի արդյունք», - «Հայկական Ժամանակ»-ի հրապարակման խորագիրն է՝ « Ախր էս ոնց ստացվեց» վերնագրով: «Փոքրամասնության հաղթանակը», - գրում է «Ժամանակ Երեւան»-ը՝ նաեւ այսպիսի վերնագիր մատուցելով. - «Այս անգամ ձախողվեց»: «Էն 79-ից մնացին 63-ը», - փաթեթին կողմ քվեարկածներին նկատի ունենալով` վերնագրում է «Հայք»-ը: «Ազատության» եթերին առայժմ օրենսդրությունը չի սպառնում», - նշում է «Ազգ»-ը:

«Ազատության» եթերին առայժմ օրենսդրությունը չի սպառնում» վերնագրի տակ, «Ազգ» թերթի վերլուծաբանը նկատել է. - «Չնայած երեկ խորհրդարանական ընդդիմությունը համոզված էր, որ հենց ինքն է տապալել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ «Պետտուրքի մասին» օրենքում լրացում նախատեսող փաթեթի ընդունումը, սակայն ամենայն հիմքերը կային պնդելու, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը շատ ուզենար, կամ նրան հրահանգված լիներ անպայման անցկացնել օրենքի երկրորդ ընթերցումը, նա անպայման կապահովեր մեծ ներկայություն եւ կողմ ձայների բավարար քանակ: Մինչդեռ քվորում չապահոված փաթեթի քվեարկության պատկերին նայելով հենց կարելի էր տեսնել, որ քվեարկությանը չեն մասնակցել այդ օրը խորհրդարանում ներկա շատ հանրապետական պատգամավորներ, ՀՅԴ-ից մեկ կողմ է եղել, իսկ «Բարգավաճ Հայաստանը», որ խոստացել էր կողմ քվեարկել օրինագծին, բավական բացականեր ուներ, եւ անգամ` չքվեարկած պատգամավորներ»:

«Չորորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, հակադարձելով այն պնդումներին, թե իբր «Ազատություն» ռադիոկայանը սպառնում է Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը, շեշտել է. - «Ինչո՞վ է «Ազատություն» ռադիոկայանը սպառնում Հայաստանի անվտանգությանը։ Երեւանում հանրահավաք է լինում՝ ասում են հանրահավաք է եղել, ընտրությունները կեղծվում են` ասում են, կեղծվել է, որեւէ պաշտոնյա հերթական հիմարությունն է դուրս տալիս՝ եթեր են հեռարձակում»։ «Իսկ գուցե այդ ռադիոկայանը մեր «պետականության հիմքերը խարխլո՞ւմ է, որովհետեւ օտարերկրյա է», - հարցրել է մեկնաբանն ու հեգնանքով հակափաստարկել. - «Բայց որքան մեզ հայտնի է, ռուսական առաջին ալիքը նույնպես Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում չի գրանցված, ոչ էլ ԷՌ-ՏԵ-ԷՌ-ն է ՀՀ բյուջեից ֆինանսավորվում։ Իսկ գուցե ռուսականները «մերոնքակա՞ն» են։ Դարձյալ ոչ: ԷՆ-ՏԵ-ՎԵ-ն էլ էր ռուսական, բայց Հայաստանում դրա հեռարձակումը դադարեցվեց, որովհետեւ ներկայացնում էր Հայաստանի իրական վիճակը, ոչ թե պարոն Քոչարյանի օրվա ռեժիմը։ Հետեւաբար, իշխանություններին ոչ թե Հայաստանի «տեղեկատվական անվտանգությունն է» հետաքրքրում, այլ իրենց սեփական կոմֆորտը։ Որպեսզի իրենք լափեն «բոլոր հարմարություններով», եւ ոչ մեկը կողքից իրենց տրամադրությունը չփչացնի»։

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հաշվի առնելով ՀՀ նախագահ Քոչարյանի համառությունը՝ կարելի է չկասկածել, որ նա նորից է խորհրդարան բերելու «Ազատություն» ռ/կ-ն եթերազրկելու մասին նախագծերը: Որ դա հենց Քոչարյանն է անում՝ հասկանալի է առանց մեկնաբանությունների. կառավարությունն ու խորհրդարանն այսօր չեն ուզենա իջեցնել իրենց առանց այդ էլ ցածր վարկանիշը: Բայց նույնիսկ վախի այս մթնոլորտում գտնվեցին պարկեշտ մարդիկ, որոնցից մեկը դեմ խոսեց, իսկ մյուսը դեմ քվեարկեց վերոհիշյալ օրինագծերին: Խոսքը ոչ թե ընդդիմադիր պատգամավորների մասին է, որոնք «ի պաշտոնե» պիտի դեմ լինեին, այլ, մասնավորապես, Վահե Հովհաննիսյանի եւ Խաչատուր Սուքիասյանի: Իսկ մնացածը շատ են սիրում «քյաբաբնոցներում» ու սաունաներում խոսել «տղամարդկության» եւ «թասիբի» մասին, որոնք, հավանաբար, դրսեւորվում են մեծ մեքենաներ եւ հաստավիզ թիկնապահներ ունենալու մեջ»:

«Հայք»-ի մեկնաբանը, իր հերթին, փաստելով «Ազատություն» ռադիոկայանի փակմանը միտված օրինագծերի տապալման փաստը, փոխանցել է. - «Ըստ որոշ տեղեկությունների, նախագահի նստավայրում շատ վրդովված են օրինագծի տապալումից։ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է առաջիկայում իր մոտ կանչել խորհրդարանի մեծամասնությանն ու նախատել նրանց։ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում եւս այս օրենքը բերելու են խորհրդարան, քանի որ Ռոբերտ Քոչարյանի համար «Ազատություն» ռադիոկայանի փակումը սկզբունքային հարց է։ Այնպես որ, պայքարը դեռ առջեւում է»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, պնդելով, որ Ազգային ժողով ներկայացված օրինագծերի տապալումից հետո «Ազատություն» ռադիոկայանի եթերազրկման վտանգը ամենեւին չի վերանում, փոխանցել է. - «Խնդիրն այն է, որ այս տարվա փետրվարին ավարտվել է Հանրային ռադիոյի եւ «Ազատության» միջեւ կնքված պայմանագրի ժամկետը, եւ այն չի երկարացվել։ Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ նոր պայմանագիրն անցնում է իրավաբանական փորձաքննություն, որը շուտով կավարտվի։ Դրանից հետո պայմանագիրը պետք է քննարկվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում, եւ վերջինիս համաձայնության դեպքում՝ Հանրային ռադիոն «Ազատության» հետ կկնքի պայմանագիր»։ «Բայց կարող է եւ չկնքեն», - նկատել է մեկնաբանն ու հավելել. - «Հիշյալ օրինագծերի փաթեթը Ազգային ժողով բերելու իմաստն այն էր, որ նոր պայմանագիր չկնքելու պատասխանատվությունը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի վրայից ընկնի Ազգային ժողովի վրա, ինչը եւ չստացվեց։ Հիմա «Ազատությունը» կփորձեն փակել կա՛մ պայմանագրին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անհամաձայնության պատճառով, կամ էլ փաթեթը կրկին կբերեն Ազգային ժողով»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG