Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ մինչեւ հուլիսի 6-ը հետաձգեց Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի նկատմամբ դատավարությունը:

Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը մեղադրվում են երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու, իսկ Վահան Արոյանը` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ:

Դահլիճում հավաքվածները ծափերով ողջունեցին ամբաստանյալների մուտքը դահլիճ:

Դատական նիստի սկզբին պաշտպանական կողմը բացարկ ներկայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Պաշտպաններից Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք կասկածում են դատավորի անաչառությանը, քանի որ վերջինս «առանց որեւէ հիմնավորման անփոփոխ է թողել Սեֆիլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը», բացի այդ, ներկայումս մեկ այլ քրեական գործով դատավոր Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու, ինչը, փաստաբանի պնդմամբ, օրենքի խախտում է:

«Այն հանգամանքը, որ դատավորը անհարգալից վերաբերմունք է դրսեւորում օրենքի պահանջների նկատմամբ, հիմնավոր կասկածներ է առաջացնում նրա անաչառության վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զաքարյանը:

Պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 6-ը: Դատարանի նախագահը մինչեւ այդ ժամկետը պետք է ծանոթանա գործի նյութերին եւ որոշում կայացնի նիստը նախագահող դատավորի վերաբերյալ:

Երեկ դատարանի շենքի առջեւ տեղի ունեցավ բողոքի ցույց, որի մասնակիցները պնդում էին, որ դատավարությունը «քաղաքական» է:

«Հայ կամավորների համախմբում» շարժման ներկայացուցիչ Արմեն Աղայանը ասաց, որ «քրեական գործ է հարուցվել իշխանության հասցեին քննադատական մտքեր արտահայտելու համար»:

Դատավարությանը մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - « Ես կարծում եմ, որ Հայաստանի համար հերթական ամոթն է, որ մեր ինքնիշխանության տարիներին թույլ ենք տալիս մեր տան մեջ նման քաղաքական բովանդակությամբ, երանգով բանտարկություններ եւ դատավարություններ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG