Մատչելիության հղումներ

logo-print

Միկլոշ Հարաշտի. «Մեծ ուշադրությամբ եմ հետեւում Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումներին»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի լրատվական բաժնին տրված բացառիկ հարցազրույցում ասաց, թե մեծ ուշադրությամբ է հետեւում Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումներին:

Հարաշտին նշեց, որ սա շատ արագընթաց օրենսդրական գործընթաց էր` խորհրդարանի հատուկ նստաշրջանով, եւ թվում է, թե հատուկ միտված էր վերացնելու Հանրային ռադիոյի հնարավորությունը հեռարձակել օտարերկրա հեռարձակումները, որը «մենք բոլորս գիտենք` նշանակում է «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը»:

Հարաշտին ասում է, թե ինքը որեւէ իրավական խնդիր չի տեսնում այստեղ: Նախագահը կարող է խորհրդարանի հատուկ նստաշրջան հրավիրել եւ առաջարկել ցանկացած բան, ինչը պատգամավորների կարծիքով ճիշտ է. - «Ինձ համար խնդիրը այս հատուկ օրենսդրության գործնական արդյունքն է, այն է` հայ հասարակության համար տարաբնույթ լրատվության մեկ աղբյուրի վերացումը: Եվ այդ աղբյուրը շատ կարեւոր է, պարզապես որովհետեւ հայերը սիրում են այն»:

Հարաշտին ասում է, որ կառավարությունը հստակ պարտավորություններ է վերցրել բազմակարծության ապահովման բնագավառում եւ նա այդ պարտավորությունները պետք է կատարի.- «Եվ Հայաստանի կառավարությունը պետք է մտածի այս կարեւոր արժեքի մասին»:

«Մյուս խնդիրն այն է, անշուշտ, որ դա ինչ-որ ձեւով պետք է լինի Հայաստանի հասարակության որոշումը», - շարունակեց Հարաշտին: Հասարակությունը, նրա խոսքերով, ինքը պետք է որոշի, թե արդյոք «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը այլեւս պետք չեն եւ բազմակարծությանը ոչինչ չեն ավելացնում. - «Բայց, որքան գիտեմ, Հայաստանում դա այդպես չէ»:

«Ես չէի պաշտպանի այս հեռարձակումը` եթե Հայաստանում հեռարձակումները իսկապես բազմազան լինեին, բազմակարծություն լիներ: Ես այցելել եմ Հայաստան, եւ մենք ուսումնասիրություն ենք արել: Չեմ կարծում, որ մամուլի վիճակը զգալի փոփոխություն է կրել: Ներքին արտադրության հեռարձակումները այն աստիճանի բազմակարծություն չեն ապահովում, որը իսկապես կառավարությունից անկախ է», - նշեց նա:

Հարաշտիի կարծիքով, ընտրություններից առաջ լրացուցիչ տեղեկատվության կարեւոր աղբյուրի վերացումը շոշափելիորեն կթուլացնի իրական բազմակարծությունը, տեղեկատվության մատչելիությունը հայերի համար. - «Մենք ուշադրությամբ հետեւելու ենք, թե ինչ է կատարվում «Ազատություն» ռադիոկայանի հետ: Ես նամակ եմ ստացել Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանից: Նա նամակում ասում է, թե ես պետք է իմ աչքերով տեսնեմ, որ դա «Ազատություն» ռադիոկայանի մասին չէ, այլ հեռարձակողների մասին է: Մենք հետեւելու ենք: Եթե տեսնենք, որ դա նշանակում է տեղեկատվության այս կարեւոր այլընտրանքային աղբյուրի հեռացումը Հայաստանի հանրային եւ այլ ռադիոկայաններից, ապա դա ինձ համար առիթ կլինի նոր հրապարակային հայտարարություններ անել»:

Միկլոշ Հարաշտին ասաց, թե «Ազատության» հարցը կբարձրացնի ԵԱՀԿ-ի դեսպանների մշտական խորհրդում. - «Ամեն դեպքում այս հարցը կարտացոլվի Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի 56 դեսպաններին հասցեագրված իմ զեկույցում»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG