Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում երկու թուրքեր են կալանվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար


Անցած շաբաթավերջին Շվեյցարիայում երկու թուրքեր են կալանվել Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար:

Ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը` վկայակոչելով շվեյցարական ոստիկանության հաղորդումը, երկու թուրքերը ձերբակալվել են Ցյուրիխի Վինտերտուր արվարձանում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ, երբ դահլիճում կախված էին Հայոց ցեղասպանությունը ժխտող ցուցապաստառներ, նաեւ բաժանվում էին նույնանման բովանդակությամբ թռուցիկներ:

Կալանված թուրքերի մասին հաղորդվում է միայն, որ նրանցից մեկը միջոցառման կազմակերպիչն էր, իսկ մյուսը հավաքվածների առջեւ կարգախոսներ էր վանկարկում:

1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքով, որը նախկինում կիրառվել էր Հոլոքոսթի ուրացման դեպքերի առնչությամբ, այս տարվա մարտին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը:

Փերինչեքին Լոզանի դատարանը դատապարտել է մոտ 2,5 հազար դոլար տուգանքի, ինչպես նաեւ 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի` 7 հազար դոլարի չափով: Դատարանը թուրք ազգայնականին պարտադրել է նաեւ 820 դոլար վճարել հայկական մի կազմակերպության:

Հունիսի վերջին Վո կանտոնի վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել Լոզանի դատարանի դատավճիռը:

Փերինչեքի գործը Թուրքիայի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական լարվածության պատճառ է դարձել: Թուրքական կողմը այն անվանել է «անհարկի, անհիմն եւ բոլոր հանգամանքներում վիճարկելի»:

2001 թվականին Բեռնի դատարանը արդարացրել էր նույն մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած 12 թուրքերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG