Մատչելիության հղումներ

Արտաշատում եւ Արարատում անցկացվեցին քաղաքապետների ընտրություններ


Կիրակի օրը քաղաքապետների ընտրություններ անցկացվեցին Արարատի մարզի Արտաշատ եւ Արարատ քաղաքներում:

Արտաշատում նախապես 4 թեկնածու էր առաջադրվել, սակայն սահմանված ժամկետում նրանցից 3-ը ինքնաբացարկ հայտնեց, եւ մնացած միակ թեկնածուն` գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր պաշտոնը:

Արարատի քաղաքապետի ընտրություններին 3 թեկնածու էր մասնակցում` գործող քաղաքապետ, հանրապետական Հակոբ Թովմասյանը, ում իր կուսակցությունը չէր պաշտպանում, Աբրահամ Բաբայանը, որին սատարում էր Հանրապետական կուսակցությունը, եւ անկուսակցական Հայկ Հայկյանը, որին, ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար, դաշնակցական Գոռ Գալստյանի, պաշտպանում էր Դաշնակցությունը:

Ըստ նախնական արդյունքների, որոնք ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, ընտրողների ընդհանուր թվից` 12064, քվեարկությանը մասնակցել են մոտ 57 տոկոսը` 6713: Աբրահամ Բաբայանը ստացել է 3130, Հայկ Հայկյանը` 2279, Հակոբ Թովմասյանը` 1171 ձայն:

Հայկ Հայկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր վստահված անձինք տեղամասերում չեն արձանագրել որեւէ այնպիսի խախտում, որը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG