Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունը կապ չունի «Ազատության» հետ»


«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունը, որի քննարկումը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ նախատեսված է այսօր, «բացարձակապես որեւէ կապ չունի «Ազատություն» ռադիոկայանի հետ եւ չի կարող ունենալ»: Այսպիսի համոզմունք հայտնեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը անցած շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ըստ ուրբաթ օրը առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխության, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի բ) կետից հանվում են «առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության» բառերը: Առայժմ ձեւակերպումը հետեւյալն է. - «Հանրային հեռուստառադիոընկերության օգտագործվող հաճախություններում արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության»:

Ազգային ժողովի նախագահը պարզաբանեց. - «Այն [փոփոխությունը] վերաբերում է հեռարձակողներին: Օրենքի 3-րդ հոդվածում կա մի քանի սահմանում` ի՞նչ է նշանակում հեռուստառադիոհեռարձակում, սահմանված է հեռարձակման արտոնագիրը: Միաժամանակ, օրենքի 47-րդ հոդվածը ասում է հետեւյալը. - «Արտոնագիրը միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում»: Այսինքն, հեռարձակողը հեռարձակում իրականացնող կազմակերպությունն է կամ ընկերությունը: Այստեղ, կարծում եմ, որեւէ մեկը չի կարող այլ բացատրություն բերել հայերենի անսահման հնարավորությունների պարագայում»:

«Այդ պարագայում, որպեսզի «Ազատություն» ռադիոկայանը կոչվի հեռարձակող, այն պետք է ունենա արտոնագիր», - ընդգծեց Տիգրան Թորոսյանը` հավելելով. - «Արտոնագիր «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում չունի, հետեւաբար, չի կարող կոչվել հեռարձակող»:

«Եթե որեւէ մեկը կարող է բերել իրավական հիմնավորումներ, որ այն, ինչ ես ասացի, չի համապատասխանում իրականությանը, ես պատրաստ եմ դեմ քվեարկել», - վստահեցրեց Ազգային ժողովի նախագահը:

Այն հարցադրմանը, թե օրինագծի վերաբերյալ կառավարության բերած հիմնավորումներում հստակ նշված է, որ խոսքը արտոնագիր չունեցողների մասին է, Տիգրան Թորոսյանը հակադարձեց. - «Հիմնավորում կոչվածը բացարձակապես որեւէ իրավական ուժ չունի, եւ սա ուղղակի նպատակ ունի մարդկանց բացատրելու իրենց մոտեցումները կամ դրդապատճառները: Հետեւաբար, օրենքի մասին խոսելիս մենք պետք է խոսենք օրենքի ձեւակերպումներով: Որեւէ մեկը օրենքի հետ կապված որեւէ հարցադրում չի ներկայացրել»:

«Դուք երաշխավորո՞ւմ եք, որ այս օրինագծի ընդունումից հետո «Ազատություն» ռադիոկայանը չի փակվելու», - այս հարցին Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. - «Ես կարող եմ երաշխիքներ տալ այն հարցերի վերաբերյալ, որոնք իմ լիազորությունների շրջանակում են գտնվում: Ես ձեզ կարող եմ հետեւյալ երաշխիքը տալ. այս օրենքի (եթե այս նախագիծը ընդունվի) հիման վրա որեւէ մեկը իրավական հիմք չի ունենա «Ազատություն» ռադիոկայանը փակելու համար: Սա ես վստահաբար եմ ասում, եւ եթե անգամ որեւէ մեկի մտքով անցնի երբեւէ, այս օրենքը ընդունելուց հետո, նման քայլ անել, դուք կարող եք շատ հանգիստ, առանց վարանելու բողոքարկել այդ «հիմնավորումը» դատարանում: Եթե ռադիոկայանների աշխատանքը կամ աշխատանքի դադարեցումը լիներ Ազգային ժողովի լիազորությունների մեջ, ես ձեզ լիարժեք կարող էի երաշխիք տալ: Հետեւաբար, ես չեմ կարող ուրիշների ապագ գործողությունների փոխարեն երաշխիք տալ, որովհետեւ ես չեմ այդ որոշումները ընդունողը, եւ այս օրենքը չէ այդ որոշումներ ընդունելու հիմքը եւ չի կարող լինել»:

«Այս փոփոխությունը կընդունվի թե ոչ` երկու դեպքում էլ որեւէ հիմք չկա, որպեսզի օրենքի 28-րդ հոդվածի այս կետը մենք կապենք «Ազատություն» հետ», - շեշտեց Տիգրան Թորոսյանը:


Արմեն Դուլյան, Ռուզան Խաչատրյան, Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG