Մատչելիության հղումներ

Մի քանի ժամ առաջ ամերիկյան Մեյն նահանգի Քենիբանքփորթ ամառանոցային քաղաքում մեկնարկել է ռուս - ամերիկյան գագաթնաժողովը, որի ընթացքում, ըստ վերլուծաբանների, Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը խոսելու են նաեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետագա ճակատագրի մասին:

Հունիսի սկզբին Մեծ ութնյակի երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Վլադիմիր Պուտինը ամերիկյան կողմին առաջարկեց համատեղ օգտագործել Ադրբեջանում գտնվող, սակայն Ռուսաստանի տնօրինության տակ գործող այդ ռազմական օբյեկտը:

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման նախաշեմին` շաբաթ օրը, ռուսաստանցի զինվորականները արեւմտյան լրագրողների մի մեծ խմբի համար էքսկուրսիա էին կազմակերպել Գաբալայի կայանում:

Lրագրողներին ուղեկցում էր Ռուսաստանի Դաշնության Տիեզերական զորքերի շտաբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Յակուշինը, ով մանրամասնորեն ներկայացնում էր Գաբալայի կայանի, կամ ինչպես այն պաշտոնապես անվանում են` «Դարյալ» տեղեկատվական-վերլուծական համալիրի հնարավորությունները. - «Կայանը հնարավորություն ունի վերահսկել, նախ եւ առաջ, մայրցամաքային բալիստիկ հրթիռները, սակայն վերահսկողության տակ ենք պահում նաեւ միջին այլ տիպի հրթիռները: Իրան - իրաքյան պատերազմի ժամանակ կայանում տեղադրված սարքերը ֆիքսեցին հրթիռների ավելի քան 150 արձակում: Բացի այդ, 2007-ի հունվարին մենք կարողացանք ֆիքսել իրանական «Շիհաբ-3» հրթիռի արձակումը»:

Ի պատասխան հնչած այն տեսակետի, թե Գաբալայի կայանը կառուցվել է ավելի քան 20 տարի առաջ` 1985 թվականին, եւ բարոյապես ու տեխնիկապես մաշվել է, ռուս գեներալը վստահեցրել է, որ եթե լինի քաղաքական որոշում, Գաբալայի կայանը կվերազինվի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG