Մատչելիության հղումներ

Այսօր Ստամբուլի դատարանը կսկսի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով փակ լսումները:

Երկլեզու «Ակոս» թերթի խմբագրապետն սպանվել է այս տարվա հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի մոտ՝ ազգայնամոլական խմբավորման 17-ամյա անդամ Օգյուն Սամասթի կողմից:

Բացի Սամասթից, գործով անցնում է եւս 17 մարդ, այդ թվում` մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելն ու Յասին Հայալը:

Դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում Թունջելի եւ Հայալի համար, որոնք նաեւ հանդիսանում էին զինված ահաբեկչական խմբավորման անդամներ: Օգյուն Սամասթը անչափահաս է եւ կարող է ստանալ մինչեւ 24 տարվա ազատազրկում: Մյուս մեղադրյալների համար դատախազը պահանջում է 7,5-ից մինչեւ 35 տարվա ազատազրկում:

«Անվտանգության ուժերի ներկայացուցիչները Տրապիզոնից, որտեղ ծրագրվել էր մարդասպանությունը, Ստամբուլից, որտեղ այն կատարվել է, եւ Անկարայից, որտեղ հավաքվել են նախաքննության նյութերը, մեղադրյալների թվում չեն», - «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ` դատավարության մեկնարկից առաջ հայտարարել է Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող թուրք փաստաբան Ֆեթհիյե Չեթինը. - «Եվ սա` հակառակ ապացուցված փաստերի, որ նրանք կապեր են ունեցել կասկածյալների հետ, թերացել են իրենց պարտականությունները կատարելիս եւ նույնիսկ ձգտել են արդարացնել հանցագործությունը եւ մարդասպանին»:

Փաստաբանը նաեւ համոզմունք է հայտնել, թե «խիստ եւ օբյեկտիվ դատավճռի հասնելու համար անհրաժեշտ է ապահովել դատարանի անկախությունը, ժողովրդավարական համակարգի բնականոն գործունեությունը` իր բոլոր կանոններով ու կառույցներով, կանխել դատարանի վրա իշխանավորների կողմից ցանկացած ճնշում»:

«Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը Թուրքիայի արդարադատության անկախության փորձաքարն է: Թուրքիայի արդարադատությունը պետք է բացահայտի անվտանգության ուժերի պատասխանատվությունը, սպանության հետաքննության ընթացքում թույլ տված զանցառությունը կամ գաղտնի համաձայնությունը», - ասված է Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Դինքը մշտապես քննադատվել է թուրք ազգայնականների կողմից եւ քանիցս հետապնդվել Թուրքիայի դատական մարմինների կողմից, քանի որ չէր վախենում 1915 թվականի իրադարձությունները անվանել ցեղասպանություն: «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը հարուցեց Թուրքիայի առաջադեմ հանրության ցասումը, նրա հուղարկավորությանը մասնակցեց մոտ 100 հազար մարդ, վանկարկելով` «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք»:

Դինքի ընկերները, համախոհներն ու հետեւորդները այսօր նրա հիշատակին նվիրված ակցիա են անցկացնելու դատարանի շենքի մոտ:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG