Մատչելիության հղումներ

Human Rights Watch. «Հայաստանի խորհրդարանը չպետք է լռեցնի «Ազատություն» ռադիոկայանը»


«Հայաստանի խորհրդարանը չպետք է ընդունի երկու օրինագծերը, որոնք արգելում են այդ երկրում անկախ լրատվության հիմնական աղբյուր հանդիսացող «Ազատություն» ռադիոկայանի հետագա հեռարձակումը»: Նման հայտարարությամբ Նյու Յորքում ուրբաթ երեկոյան հանդես է եկել հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

«Այս նոր օրենքները սահմանափակում են հայաստանցիներից շատերի համար անկախ տեղեկատվության կարեւորագույն աղբյուր հանդիսացող լրատվամիջոցի հասանելիությունը եւ լուրջ հարված հասցնում ինչպես «Ազատություն» ռադիոկայանին, այնպես էլ Հայաստանում մամուլի ազատությանն ընդհանրապես», - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տնօրեն Հոլլի Քարթները` հավելելով. - «Հայաստանի խորհրդարանը ոչ մի դեպքում չպետք է ընդունի այդ օրինագծերը երկրորդ ընթերցմամբ»:

Human Rights Watch-ը նաեւ նշում է, որ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին քննադատել է «Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները, որոնց կիրարկումը գործնականում կհանգեցնի Հայաստանում բազմակարծություն ապահովող տեղեկատվության այլընտրանքային աղբյուրի վերահեռարձակման դադարեցմանը, եւ Հայաստանի իշխանություններին հորդորել է չընդունել առաջարկվող լրամշակումները: Իսկ Հայաստանի ընդդիմադիր գործիչները ցավ են հայտնել խորհրդարանի որոշման կապակցությամբ եւ մեղադրել կառավարությանը լրատվամիջոցները վերահսկելու փորձի համար:

Human Rights Watch-ի գնահատականով, երկու օրինագծերը հակասում են Հայաստանի պարտավորություններին, որոնք երկիրը ստանձնել է` ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է «առանց իշխանությունների միջամտության եւ անկախ սահմաններից տեղեկատվության եւ մտքերի արտահայտման եւ տարածման» իրավունքը: «Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն սակավաթիվ դեպքերում եւ յուրահատուկ պատճառներով, ինչպիսիք են, օրինակ, ազգային անվտանգությունը կամ հասարակության ապահովությունը: Իսկ Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված երկու օրինագծերի դեպքում այդ անհրաժեշտությունը բացակայում է», - փաստում է Human Rights Watch-ը` հավելելով, թե Կոնվենցիայի 10-րդ կետով երաշխավորված իրավունքը բազմիցս հաստատել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` յուրաքանչյուր դեպքի համար պնդելով, որ իշխանությունների կողմից խոսքի ազատությունը սահմանափակող փորձերը պետք է «մանրակրկիտ կերպով ուսումնասիրվեն եւ պարզվեն դրանց պատճառները»:

«Օրենքների ընդունման դեպքում Հայաստանը կխախտի խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները: Հայաստանը պատրաստվում է 2008 թվականի նախագահական ընտրություններին, աշխարհն անկասկած հետեւելու է` արդյոք կառավարությունը հարգո՞ւմ է ազատ եւ արդար ընտրությունների համար անհրաժեշտ մամուլի եւ այլ ազատությունները», - եզրափակել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տնօրեն Հոլլի Քարթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG