Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազատության» հեռարձակմանը սպառնացող օրինագծերը


Հայաստանի խորհրդարանը ուրբաթ օրը առաջին ընթերցմամբ ընդունեց երկու օրինագիծ, որոնք, վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների կարծիքով, կարող են խիստ սահմանափակել «Ազատություն» ռադիոկայանի` Հայաստանում հեռարձակման հնարավորությունը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը ընդունվեցին 79 կողմ,16 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:

Բացի «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցություններից, դեմ են քվեարկել նաեւ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Ձեռնպահ է մնացել խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը:

Քվեարկությունից առաջ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր համատարմատար Էնթոնի Գոդֆրին հանդիպել է խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ: Ամերիկացի դիվանագետի վկայությամբ` Թորոսյանը վստահեցրել է իրեն, որ օրինագծերը ուղղված չեն «Ազատություն» ռադիոկայանի դեմ:

«Այո, քննարկված մի շարք հարցերի շրջանակներում անդրադարձել ենք նաեւ այդ օրինագծերին», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց Գոդֆրին: - «Մենք բարձրացրինք այդ հարցը եւ ասացինք, որ Միացյալ Նահանգները հպարտ է ռադիոկայանի աշխատանքով իր երկարատեւ պատմության ընթացքում, եւ եթե նման օրենքը ուղղված է «Ազատություն» ռադիոկայանի դեմ, մենք չենք հասկանա, թե ինչպես այդ օրենքը կաջակցի ժողովրդավարության նպատակներին»:

Օրինագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն երկուշաբթի օրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG