Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Ժողովրդավարություն ասելով` ազատ մամուլն են փորձում փակել»


Ազգային ժողովի կողմից «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրամշակումներ առաջարկող օրինագծի` առաջին ընթերցմամբ ընդունումը ընդդիմադիր քաղաքական ուժերը «խայտառակություն» եւ «Հայաստանում նոր բռնապետություն հաստատելու փորձ» են որակում:

«Խայտառակ բան էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Ժողովրդավարություն ու «Քեզ համար, Հայաստան» ասելով` ազատ խոսքն ու մամուլն են փորձում փակել... Դրա դեմ պետք է ամբողջ հասարակությունը իր ազատ լրատվություն ստանալու իրավունքի, իր ազատ խոսքն ասելու իրավունքի համար դուրս գա փողոց ու պայքարի»:

Նա հավելեց, որ իրենք կփորձեն այդ պայքարը կազմակերպել` բոլոր ընդդիմադիրների հետ միասին. - «Քննարկել ենք ՀԺԿ-ի, «Իմպիչմենտ» դաշինքի հետ: Փորձել ենք կապ գտնել եւ քննարկել այդ խնդիրները «Օրինաց երկիր», «Ժառանգություն» կուսակցությունների, «Ազգային միաբանության» հետ-ի: Մենք հակված ենք առաջիկա ուրբաթ օրը անել միասնական հանրահավաք»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք մասնակցելու են այդ հանրահավաքին:

«2002 թվականին նախագահական ընտրություններից առաջ փակվեց «Ա1+»-ը, հիմա փորձ է արվում նախագահական ընտրություններից առաջ լռեցնել «Ազատություն»-ը», - ասաց Դեմիրճյանը: - «Սա, ես կարծում եմ, ոչ միայն քաղաքական ուժերի խնդիրն է. ամբողջ հասարակությունը պետք է կանգնի ի պաշտպանություն «Ազատության»:

Նշված պայքարին միանալու մասին խոսեց նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա կարծիքով, փորձ է արվում Հայաստանում «նոր բռնապետություն հաստատել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG