Մատչելիության հղումներ

«Այլընտրանք»-ի նախաձեռնությամբ կայացավ հանրահավաք` ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի


«Այլընտրանք» հասարակական նախաձեռնությունը ուրբաթ օրը Երեւանում անցկացրեց բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի:

Բողոքի ակցիան սկսվեց Մաշտոցի պողոտայից. բարձրախոսներով հնչում էր «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծարգիրը: Հավաքվածները` մոտ երկու հարյուր մարդ, շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

«Այլընտրանք»-ի ղեկավարներից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց, թե «Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են հերթական բռնապետական քայլը, որով ցանկանում են փակել «Ազատություն» ռադիոկայանը» եւ «ժողովրդին ուզում են զրկել միակ ազատ լրատվամիջոցից»:

Հանրահավաքում ընթերցվեց նաեւ ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցություն` «Ազատություն» ռադիոկայանի հնարավոր փակումը եւ ընդհանրապես Հայաստանում խոսքի իրավունքը ճնշելուն ուղղված քայլերը դատապարտող հայտարարությունը:

Որոշվեց նախաձեռնել բողոքի պարբերական ակցիաներ. դրանցից առաջինը տեղի կունենա վաղը 19:00-ին, հաջորդը` կիրակի օրը նույն ժամին, երբ սկսվում է «Ազատություն» ռադիոկայանի հիմնական թողարկումը:

Ազգային ժողովում` այսօր առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերը, որոնք լրամշակումներ են առաջարկում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում, շատերի կարծիքով, կարող են սահմանափակել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG