Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները պատգամավորներին կոչ են անում ընդհանրապես չքվեարկել «Ազատության» հեռարձակմանը սպառնացող օրինագծերը


Ուրբաթ օրը տարածվել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը, որով կոչ է արվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին`ընդհանրապես չքվեարկել կառավարության ներկայացրած նախագիծը, որը, փորձագետների կարծիքով, կարող է սահմանափակել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը Հայաստանում:

«ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը վկայում են, որ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն շարունակում են խոսքի եւ մամուլի ազատությունը սահմանափակելու եւ ճնշելու` վերջին տարիների արատավոր քաղաքականությունը», - գրում են հայտարարության հեղինակները: - «Այսօր ԱԺ ներկայացված օրինագծերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք առաջին հերթին ուղղված են ՀՀ իշխանությունների կողմից չվերահսկվող միակ հեռարձակվող լրատվամիջոցի` «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության դեմ, որովհետեւ դրանց ընդունումով ըստ էության կդադարեցվի այդ ծառայության հաղորդումների հեռարձակումը հայկական ռադիոալիքներով: Այս նախագծի ընդունումը նաեւ հարված կհասցնի նորընտիր Ազգային ժողովի հեղինակությանը, որն առաջին իսկ ընդունված օրենքներով իրեն կդրսեւորի իբրեւ ժողովրդավարության, խոսքի ազատության հակառակորդ»:

«Այս ոլորտում օրենսդրական փոփոխությունները պետք է կատարել համակարգված` միասնական հայեցակարգով ուստի կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին`ընդհանրապես չքվեարկել կառավարության ներկայացրած նախագիծը, եւ կազմակերպել ոլորտի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթի հասարակական լսումներ», - ասված է հայտարարությունում, որը առայժմ ստորագրել են Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Թրանսփերանսի Ինթերնաշնլ» տարածաշրջանային զարգացման կենտրոնը, Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, այլ կազմակերպություններ:

Հայտարարությունը բաց է այլ կազմակերպությունների եւ անհատների միանալու համար:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG