Մատչելիության հղումներ

Հարաշտի. «Առաջարկվող փոփոխությունները համատեղելի չեն ԵԱՀԿ-ի սկզբունքների հետ»


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին քննադատել է «Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները, որոնց կիրարկումը գործնականում կհանգեցնի «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակման դադարեցմանը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին հասցեագրած նամակում Միլկոշ Հարաշտին գրել է. - «Քանի որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ներկայումս Հայաստանի հանրային ռադիոյի հաճախությունն օգտագործող միակ արտասահմանյան մամուլի միջոցն է, լրամշակումների ընդունումը կհանգեցնի այդ ռադիոկայանի ծրագրերի հեռարձակման դադարեցմանը»:

Միկլոշ Հարաշտին իր նամակում նշել է, որ «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է, որն ապահովում է բազմակարծություն, ինչը հատկապես կարեւոր է ընտրությունների շրջանում:

Հարաշտին Հայաստանի իշխանություններին հորդորել է չընդունել առաջարկվող լրամշակումները:

«Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները համատեղելի չեն բազմակարծության եւ մամուլում ինֆորմացիայի ազատ հոսքի ԵԱՀԿ-ի սկզբունքների հետ», - ասվում է Միկլոշ Հարաշտիի նամակում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG