Մատչելիության հղումներ

logo-print

Արկադի Ղուկասյանն ընդունել է հայ եւ ադրբեջանցի մտավորականների պատվիրակությանը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնակատար Էդուարդ Աթանեսյանը, Արկադի Ղուկասյանն այսօր ընդունել է հայաստանյան եւ ադրբեջանական մտավորականներից բաղկացած պատվիրակությանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի եւ Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլ-Բյուլ-օղլու գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ արցախցի մտավորականները, անդրադարձել է եղել հակամարտող կողմերի ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ երկխոսության եւ փոխվստահության հաստատման անհրաժեշտության հիմնախնդրին:

Դիմելով ներկաներին` Արկադի Ղուկասյանը կարեւորել է դեսպանների նախաձեռնությունը` նշելով, որ այն «կարող է առողջ եւ կառուցողական մթնոլորտ ձեւավորել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ»:

Ղուկասյանը վերահաստատել է ղարաբաղյան կողմի այն տեսակետը, որ արհեստականորեն սերմանվող անհանդուրժողականությունն ու պատերազմի կոչերը միայն խոչընդոտում են հիմնախնդրի կարգավորմանը:

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ կողմերի մտավորականների միջեւ հաստատվող երկխոսությունը կշարունակվի ապագայում` իր մեջ ներգրավելով կողմերի հասարակությունների ավելի լայն շրջանակներ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG