Մատչելիության հղումներ

Pew Research. «ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը տարեցտարի ավելի բացասական է դառնում»


Ամերիկյան Pew Research հետազոտական կենտրոնի հարցման արդյունքներով, Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքը աշխարհում տարեցտարի ավելի բացասական է դառնում:

Աշխարհի 46 պետություններում եւ Պաղեստինի ինքնավարությունում հարցված 45 հազար մարդկանց մեծ մասը Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքական ուղենշին վերաբերում է մեծ վերապահումներով:

Առաջատարը այս առումով Թուրքիան է: Այստեղ հարցվածների միայն 9 տոկոսն է, որ դրական վերաբերմունք ունի Միացյալ Նահանգների հանդեպ: Հարցված թուրքերի ավելի քան 80 տոկոսը Միացյալ Նահանգների հանդեպ խիստ քննդատաբար է տրամադրված: Զարմանալի է, բայց հակաամերիկյան հակումներով թուրքերը գերազանցել են նույնիսկ պաղեստինցիներին ու պակիստանցիներին:

Իսկ ամերիկացիների հանդեպ ամենաբարյացկամը աֆրիկյան պետությունների քաղաքացիներն են: Ամերիկացիներին դրական են վերաբերում հատկապես Փղոսկրի Ափի, Գանայի, ինչպես նաեւ Քենիայի բնակիչները:

Աշխարհի առաջատար մյուս պետությունների նկատմամբ հարցման մասնակիցների վերաբերմունքը փոքր-ինչ ավելի հավասարակշռված է. Ռուսաստանի նկատմամբ ջերմ զգացմունքներն են տածում ուկրաինացիները` շուրջ 81 տոկոս, ինչպես նաեւ բուլղարացիների ու սլովակների մեծամասնությունը: Փոխարենը չեխերի, լեհերի, հարավաֆրիկացիների ու թուրքերի ճնշող մեծամասնությունը խիստ բացասաբար է վերաբերում Ռուսատանին եւ պաշտոնական Մոսկվայի վարած արտաքին քաղաքականությանը:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի Դաշնության հանդեպ տածած այս բացասական վերաբերմունքի հիմնական պատճառներից մեկը Մոսկվայի վարած էներգետիկ քաղաքականությունն է: Lեհերի 75 եւ իտալացիների 71 տոկոսը լուրջ մտավախություն ունեն, որ իրենց երկրները էներգետիկ կախման մեջ են հայտնվում Ռուսաստանից:

Pew Research-ի անցկացրած հարցման արդյունքները վկայում են նաեւ, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանի նախագահն առանձնապես մեծ հեղինակություն չունի: Օրինակ, Ֆրանսիայում Պուտինին եւ նրա վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը հավանության է արժանացնում հարցվածների միայն 19 տոկոսը: Իսպանիայում այս ցուցանիշը ավելի համեստ է` ընդամենը 7 տոկոս:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի վստահության վարկանիշն աշխարհում ավելի ցածր է եւ անկման հստակ միտում ունի: Նրա քաղաքականությունը ընդունելի է միայն Իսրայելի եւ աֆրիկյան 7 պետությունների բնակիչների համար: Հարցմանը մասնակցած մյուս 39 երկրներում Բուշի վարկանիշը շարունակում է անկում ապրել. օրինակ, եթե 2003-ին Միացյալ Նահանգների նախագահին դրական էր վերաբերում կանադացիների 59 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը կտրուկ կերպով նվազել է` հասնելով 28 տոկոսի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG