Մատչելիության հղումներ

Հաջորդ տարի աշխարհում քաղաքաբնակներն ավելի շատ կլինեն, քան գյուղաբնակները


2008 թվականին աշխարհում քաղաքային բնակչությունը կգերազանցի գյուղականին: Աշխարհի բնակչության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հիմնադրամի զեկույցի համաձայն, քաղաքային բնակչության թիվը եկող տարի հասնելու է 3 միլիարդ 300 միլիոնի, իսկ առաջիկա 25 տարիների ընթացքում քաղաքաբնակների թիվը գրեթե կրկնապատկվի` անցնելով 5 միլիարդի սահմանը:

Պատմական փորձը, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, վկայում է, որ բնակչության տնտեսապես ակտիվ խմբերը կենտրոնանում են մեծ քաղաքներում:

«Սա մի պրոցես է, որը Եվրոպայում ավարտվել է մոտ 150 տարի առաջ` նպաստելով աղքատության կրճատմանը», - նշում է զեկույցի հեղինակներից Ջորջ Մարտինը` հավելելով, որ այժմ հերթը ասիական, աֆրիկյան ու լատինաամերիկյան քաղաքներինն է:

«Քաղաքային բնակչության աճն աշխարհում մեզ լավատեսություն է ներշնչում», - շարունակում է Մարտինը: - «Մենք զգում ենք, որ սա զարգացման հնարավորություններ է ստեղծում, սակայն դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են նոր, ավելի ակտիվ մոտեցումներ, քան նախկինում կիրառվածները»:

Հայաստանում քաղաքային բնակչության թիվը 50 տոկոսի սահմանագիծը հատել է դեռեւս 1960 թվականին: Այսօր քաղաքաբնակները կազմում են երկրի բնակչության 64 տոկոսը: ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսմամբ, 2030-ին քաղաքային բնակչության թիվը Հայաստանում կկազմի 69 տոկոս:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG