Մատչելիության հղումներ

Առնո Բաբաջանյանի տուն-թանգարանի համար տարածք դեռեւս չի տրամադրվել


«Շատ անգամներ խոստացել են եւ մինչեւ այսօր ոչ մի խոստում չի իրագործվել: Մենք ցանկանում ենք կառուցել ոչ միայն տուն-թանգարան, որտեղ կլինեն տարբեր նկարներ ու կոմպոզիտորին պատկանող իրեր, այլ Առնո Բաբաբաջանյանի անունը կրող մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել տարբեր մշակութային հավաքներ», - նշեց «Առնո Բաբաբաջանյան» հիմնադրամի նախագահ Արայիկ Բաբաջանյանը: Նա ավելացրեց նաեւ, որ նրանք զրուցել են այս հարցի շուրջ ե’ւ քաղաքապետ Երվանդ Զախարյանի, ե’ւ այլ մարդկանց հետ, բայց դեռեւս ոչ մի արձագանք չկա. միայն խոստանում են:

Իսկ հիմնադրամի մյուս անդամները, ովքեր տեղացի չեն, անընդհատ հետաքրքրվում են, թե ինչու Առնո Բաբաջանյանը չի կարող ունենալ իր տուն-թանգարանը հարազատ քաղաքում եւ ինչու է դա կապված այդքան բարդությունների հետ:

2001 թվականին կոմպոզիտորի 80-ամյակը տոնելիս Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը թանգարանի կառուցման համար տեղ էր հատկացրել Փարաջանովի տուն-թանգարանի հարեւանությամբ, սակայն նոր քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ հատկացված վայրը դարձել է ճանապարհ հարեւան ձորում կառուցվող հյուրանոցային համալիրի համար:

Նոր քաղաքապետը խոստացավ նոր տարածք տրամադրել: Առնո Բաբաջանյան հիմնադրամի պրոդյուսեր Վլադիմիր Պոպկովն ասաց, որ նա թերթում հրապարակել է քաղաքապետ Երվանդ Զախարյանի հայտարարությունը, որ շատ շուտով նոր տարածք կտրամադրվի թանգարանի ստեղծման համար:

«Մեր հանդիպումից հետո պարոն քաղաքապետը խոստացավ, որ արդեն 2 ամսից հնարավոր կլինի սկսել շինարարությունը: Թերթում հրապարակած իմ հոդվածում ես նշեցի այդ մասին, սակայն 2 ամիսը դարձավ կարելի է ասել մի ամբողջ տարի: Չեմ ուզում շատ քննադատել, բայց դա պատասխանատու մարմնի հայտարարություն է, եւ, ինչպես ասում են` հիմա պետք է պատասխան տալ խոսքերի համար: Կարծում եմ, ես չէ, որ պետք է ձեզ պատմեմ Բաբաջանյան մեծության մասին»,- ասաց Վլադիմիր Պոպկովը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG