Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Անցել են այն ժամանակները, երբ խոսքի ազատությունը վտանգի տակ էր»


Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձավ Ազգային ժողով ներկայացված «Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերին, որոնցով, ըստ էության, Հանրային հեռուստառադիոընկերության օգտագործվող հաճախություններում արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների` այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը:

Հարցին, թե արդյո՞ք օրինագիծը ուղղված չէ կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի դեմ, Շարմազանովը պատասխանեց. - «Մենք կլսենք զեկուցողին, նոր արդեն քննարկումներից հետո մենք կարող ենք տալ մեր գնահատականները: Իմ կարծիքը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում անցել են այն ժամանակները, երբ խոսքի ազատությունը վտանգի տակ էր»:

Իսկ հարցին, թե, այնուամենայնիվ, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իսկապես վտանգվի «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը, ինչպե՞ս կքվեարկի ՀՀԿ-ի խմբակցությունը, Շարմազանովը արձագանքեց. - «Այնտեղ չի վտանգվում: Ճիշտ է, կան պրոբլեմներ, բայց, այնուամենայնիվ, այնտեղ այլընտրանքային տարբերակներ կան... Նշված է, որ յուրաքանչյուր հաղորդմանը 70 հազար վճարելու դեպքում հնարավորություն կտան, որպեսզի հեռարձակվեն»:

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը երբեք ու երբեք չի քվեարկի խոսքի ազատություն դեմ, որովհետեւ Հայաստանում նաեւ հանապետական կուսակցության ջանքերով, խոսքի ազատությունը պաշտպանված է: Հանրապետականը կքվեարկի հանուն Հայաստանի ապագայի եւ հանուն խոսքի ազատության», - եզրափակեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG