Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայք» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով պատգամավոր դարձած առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը «շատ շուտով հրաժեշտ կտա իր մանդատին». - «Ճշմարիտյանը, մեր տեղեկություններով, առաջիկայում անցնելու է դիվանագիտական ծառայության եւ գործուղվելու է եվրոպական որեւէ երկիր: ՀՀԿ-ն այսպես փորձում է ճանապարհ հարթել ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի համար, որը ընտրություններից հետո հայտնվել է գործազուրկի կարգավիճակում»:

«Չորրորդ իշխանություն»-ը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, օրերս «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում «վիճաբանության կողմերից մեկն է եղել». - «Հենց օբյեկտի մուտքի մոտ Լեւոն Սարգսյանի հյուրերից մեկը լեզվակռվի է բռնվել հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող Օշականցի Հայկոյի հետ, որին հաջորդել է ծեծկռտուքը: Լեւոն Սարգսյանն էլ իրեն չկորցնելով` զանգահարել է եղբորը` Սերժին, ով անմիջապես դեպքի վայր է գործուղել «սպեցնազին»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցել է. - «Մեր նորընտիր Ազգային ժողովը հավաքվում է ընդամենը երկրորդ անգամ, բայց ԱԺ-ում այնպիսի անսպասելի բաներ են տեղի ունենում, որ եթե անտեղյակ մի մարդու պատմես, հաստատ չի հավատա: Երեկ, երբ քննարկվում էր կառավարության գործունեության ծրագիրը, ԱԺ միջանցքով գալիս-գնում էին մատուցողներ` իրենց սկուտեղներով: Նրանք սուրճ, հյութեր, տարատեսակ խորտիկներ էին տանում պատգամավորների սենյակներ` գերազանցապես հանրապետականների: Ընդ որում, այդ մատուցողները ոչ թե ԱԺ աշխատակազմից են, այլ երեւանյան ռեստորաններից մեկի աշխատակիցներ, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություններ են մատուցում ԱԺ պատգամավորներին»: «Պետք է սպասել, որ առաջիկայում պատգամավորները խաշն ու խորովածը կպատվիրեն ԱԺ դահլիճ` օրինաստեղծ աշխատանքից չկտրվելու նկատառումներով: Դրանից հետո ԱԺ-ում սաունա բացելը կդառնա պարզապես անհրաժեշտություն», - հեգնում է թերթը:

«ժամանակ - Երեւան» թերթը «Ստրասբուրգի սոխակը փոխվում է» վերնագրի տակ գրել է. - «Չնայած Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը շատ կուզենար, որ ինքը ղեկավարեր Եվրոպայի խորհրդում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, սակայն պատվիրակության ղեկավարը լինելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Թերեւս սրանով է պայմանավորված պարոն Թորոսյանի այն մեծ ցանկությունը, որ պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին մասնակցի հին կազմով, եւ ինքը եւս մեկ անգամ հնարավորություն ստանա փայլել Ստրասբուրգում»:

«Սերժ Սարգսյանի հերթական ապօրինությունը» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն»-ը առանձնացրել է. - «Ընտրությունների կեղծման մեխանիզմը հաջողությամբ փորձարկելուց հետո հիմա էլ Սերժը որոշել է կտրուկ ավելացնել հարկային եկամուտները: Սարգսյանը հարկային բոլոր պետերից ստորագրություններ է վերցրել, որ եթե վերջիններս մինչեւ տարեվերջ հարկահավաքման 40-տոկոսանոց աճ չգրանցեն, ապա իրենք կազատվեն աշխատանքից: Սրանք էլ, իրենց հերթին, ստորագրություններ են վերցրել հարկային տեսուչներից: Եվ հիմա դրված պլանը նախատեսված ժամանակահատվածում կատարելու համար հարկային տեսուչները մտնում են տարբեր օբյեկտներ եւ անօրինական ձեւով մարդկանցից պահանջում են կանխավճար մուծել` հետագայում վերահաշվարկ անելու պայմանով: Սակայն օրեր անց տեսուչները վերադառնում են նույն օբյեկտներ եւ ինչ-որ պատրվակով ակտ են կազմում` պահանջելով համապատասխան մուծումներ անել: Բնականաբար` նախապես տրված կանխավճարը «ջրելով»: «Այս մեխանիզմը չի տարածվում Սերժ Սարգսյանին սպասարկող խոշոր հարկատուների վրա», - պարզաբանել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG