Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանի գործը «տպագիր մամուլին պատժելու առաջին փորձն էր»


Ուղիղ մեկ տարի առաջ կալանավորվեց «ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ում հետագայում Վերաքննիչ դատարանը դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Երեքշաբթի օրը այդ կապակցությամբ հրավիրված քննարկման ընթացքում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ ՀՀՇ անդամ, Հայաստանի ազգային անվտանգության վարչության պետ Դավիթ Շահնազարյանը հնչեցրեցին իրենց տեսակետները:

Բորիս Նավասարդյանի բնորոշմամբ` Արման Բաբաջանյանի գործը «բազմաշերտ է». իրավական առումով` զորակոչից խուսափելն է, քաղաքական շերտն այն է, որ Բաբաջանյանը հետապնդման է ենթարկվել իր ղեկավարած լրատվամիջոցում հրապարակումների պատճառով. - «Եվ կա երրորդ շերտ, որը խոսքի ազատության հետ է կապված: Ցանկացած մարդ, որ փորձում է պետությունից անկախ տեսակետ հայտնել Հայաստանում, նա վտանգի տակ է գտնվում այսօր»:

«Ինձ թվում է, այդ նույն քայլերը իրականացված են բոլոր այն լրագրողների, հասարակական գործիչների նկատմամբ, որոնք այլ տեսակետ են արտահայտում` այլընտրանքային կամ քննադատական», - եզրափակեց Նավասարդյանը:

Ավետիք Իշխանյանը ասաց. - « Հայաստանում խոսքի ազատության տեսակետից հեռուստաընկերությունները բոլորը հայտնվեցին վերահսկողության տակ: Սա առաջին փորձն էր տպագիր մամուլին պատժելու, բանտ նստացնելու [Բաբաջանյանին]` որպես քաղաքական բանտարկյալ»:

«Ակնհայտ է, որ Արմանը [Բաբաջանյան] ձերբակալվել, կալանավորվել, դատապարտվել է քաղաքական որոշմամբ», - հայտարարեց Դավիթ Շահնազարյանը` շարունակելով. - «Այսպիսի պետությունում քաղաքական իշխանության համար վերաքննիչ կամ այլ բարձր ատյանի դատարանը իրենից ին՞չ է ներկայացնում, որ կարողանա փոխել քաղաքական որոշումը: Այսինքն` նա ազատազրկվել է քաղաքական որոշմամբ, դուրս պետք է գա նույնպես քաղաքական որոշմամբ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG