Մատչելիության հղումներ

Լեո Պլատվոետ. «Ընտրություններն անցել են Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորություններին մեծապես համապատասխան»


Այսօր Ստրասբուրգում բացված Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում հրապարակվել է հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետի պատրաստած զեկույցը` մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարական ընտրությունների դիտարկման վերաբերյալ: Ըստ այդմ` հայաստանյան խորհրդարանական ընտրությունները «անցկացվեցին մեծապես համապատասխան Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների եւ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»:

«Թերություններ, սակայն, մնում են», - ասված է զեկույցում: - «Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ ընտրական գործընթացների այլ մասնակիցները ցուցաբերեցին քաղաքական կամք` անդրադառնալու նախորդ թերություններին եւ բարելավելու այս ընտրությունների անցկացումը, թեեւ որոշ խնդիրներ մնում են չլուծված»:

Զեկույցում նշվում է, թե «ցավալի է, որ թերությունները եւ անճշտությունները, որոնցից որոշները լուրջ էին, դիտարկվել են «ձայների հաշվարկի վճռորոշ ընթացքում», ինչը «ստվերում է նախնական դրական գնահատականը»:

Զեկույցում նշվում է, թե Հայաստանի անկախացումից ի վեր «ոչ մի ընտրություն չի համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին». - «2007-ի խորհրդարանական ընտրությունները այս առումով փորձաքար էին` որ ցուցադրվեր Հայաստանի քաղաքական ցանկությունը` կազմակերպել իրապես ժողովրդավարական ընտրություններ»:

Հայաստանյան ընդդիմության մասին նշված է, թե «ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը, կարծես, կորցրել է ժողովրդի աջակցությունը, եւ նրանց դիրքերը, կարծես, թուլացել են այն բանից հետո, երբ որոշեցին բոյկոտի ենթարկել 2005-ի սահմանադրական հանրաքվեն»:

Զեկույցում քննադատված է Ընտրական օրենսգիրքը. - «Այն վերին աստիճանի բարդ է եւ պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք, թերեւս, ավելի լավ կկարգավորվեին Կենտրոնական ընրտական հանձնաժողովի որոշումներով»:

Զեկույցում անդրադարձ կա երկքաղաքացիության խնդրին. - «Այն, որ 2007-ին որոշվեց ընտրություններն անցկացնել միայն Հայաստանի տարածքում, հաշվի առնելով հայկական սփյուռքի չափը, փաստացի զրկում է «հայկական ընտրազանգվածի մեծ մասին քաղաքացիական իրավունքներից»:

Այս զեկույցում նույնպես դիտորդները նշել են, որ ընտրական հանձնաժողովների կազմը դեռ նախորդ ընտրությունների ընթացքում «թվում էին ամենախնդրահարույցը` ընտրությունների կազմակերպման անաչառության առումով». - «Ընտրական հանձնաժողովների ղեկավարության մեջ տեղ չեն գտել ընդդիմության ներկայացուցիչները»: Հիշատակված է, որ «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները «դուրս մղվեցին ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմից»:

Զեկույցի շուրջ քննարկում չի ծավալվել:


Աննա Իսրայելյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG