Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը դեմ է ազատագրված տարածքները զիջելուն


Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպես այսօր հայտարարեց կուսակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, դեմ է ազատագրված տարածքները Ադրբեջանին զիջելուն:

«Մենք ազատագրված տարածքները զիջելուն դեմ ենք», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մանոյանը: - «Ցանկացած տարածք տալու դեմ ենք»:

«Ադրբեջանը պատերազմ է սկսել, Ադրբեջանի սկսած պատերազմը հետեւանքներ է թողել: Մենք այդ պատերազմի արդյունքում այսքան տարածքի վերահսկողություն ենք կատարել: Իրավական-պատմական բոլոր հիմքերը ունենք ասելու, որ այս տարածքները մերն են», - շարունակեց նա` ամփոփելով. - «Եվ, ամենակարեւորը` անվտանգության խնդիր կա... Այն մոտեցումը, որ Ղարաբաղը մի հատ միջանցքով եւ այլն պիտի միանա Հայաստանին, դա անընդունելի է մեզ համար»:

Կիրո Մանոյանը նաեւ կարծիք հայտնեց, որ բանակցություններում պետք է խոսվի ոչ թե տարածքների զիջման, այլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել` առանց տարածքներ զիջելու, Մանոյանը արձագանքեց. - «Եթե... բանակցությունները արդյունք չեն տալու, պարզ է, որ կա’մ Ղարաբաղի անկախությունը Հայաստանը պիտի ճանաչի, կա’մ պիտի [Ղարաբաղը Հայաստանին] կցի»:

Իսկ հարցին, թե ի՞նչ կանի Դաշնակցությունը, եթե, այնուամենայնիվ, որոշում կայացվի վերադարձնել որոշ տարածքներ, ՀՅԴ-ի ղեկավար անդամը արձագանքեց. - «Դաշնակցությունը ընտրություններին մասնակցում է, որպեսզի այդ հարցերը որոշի` չթողնի, որ եթե ուրիշը տալու լինի, ինքը ինչ պիտի անի: Ինքը ընտրվի` ինքը չի տա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG