Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը մոտ օրերս կունենա զինված ուժերի հարցերով զբաղվող ներկայացուցիչ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մոտ օրերս կունենա զինված ուժերի հարցերով զբաղվող ներկայացուցիչ, ինչը կնպաստի երկրի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծմանը: Այդ մասին տեղեկացրել է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, Ռոբերտ Սիմոնսը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններում, բարձր գնահատելով գործընկերությունը մասնավորապես Կոսովոյում:

Կողմերն անդրադարձել են Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի ISAF-ի (Միջազգային անվտանգության աջակցության ուժեր) կազմում Հայաստանից բժիշկներ ներառելու հեռանկարին:

Սիմոնսը, գոհունակություն հայտնելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի փուլերը հաջողությամբ իրականացնելու վերաբերյալ, ընդգծել է, որ գործընկերությունը չի մրցակցում այլ անվտանգության համակարգերի հետ` լինի դա Ռուսաստան կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն:

Միքայել Հարությունյանը անհանգստություն է արտահայտել Ադրբեջանի` Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրից դուրս գալու մասին վերջերս արված հայտարարության վերաբերյալ:

Ռոբերտ Սիմոնսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մոտ ժամանակներս հատուկ քննարկումներ է կազմակերպելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից պայմանագրի հանդեպ մորատորիում հայտարարելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG