Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյան. «Ես ռեֆորմատոր եմ, ոչ թե ընդդիմադիր»


Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար, Ղարաբաղի նախագահական ընտրություններում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Մասիս Մայիլյանը իրեն համարում է ոչ թե ընդդիմադիր թեկնածու, այլ «ռեֆորմատոր»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մայիլյանը համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղում կա իրական բարեփոխումների անհրաժեշտություն:

Լինելով իշխանությունների ներկայացուցիչ` նա ընդունում է, որ «վերջին տարիներին տեղի են ունեցել դրական տեղաշարժեր, որովհետեւ ես ինքս իմ լիազորությունների սահմաններում մասնակցել եմ այդ զարգացումներին եւ նպաստել եմ մեր երկրի զարգացմանը». - «Բայց ես այն կարծիքին եմ, որ այս կուրսը շարունակելը, այս տեմպերով առաջ գնալը` տեղում դոփել է: Իսկ մենք պետք է առաջընթաց եւ արագ տեմպերով զարգանանք, որպեսզի կարողանանք պատասխանել այն մարտահրավերներին, որոնք կան մեր երկրի առջեւ: Դրա համար պետք է կատարել իրական բարեփոխումներ գրեթե բոլոր բնագավառներում»:

Ղարաբաղի փոխարտգործնախարարը իր առաջադրումը կարեւորում է նաեւ «ընդհանրապես` երկրի իմիջի համար»:

«Տրամաբանությունից դուրս որոշումների էին եկել հատկապես իրենց ընդդիմադիր համարող ուժերը, եւ շատ անբնական էր, որ ամենաուժեղ կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում, չփորձեցին անգամ իրենց սեփական թեկնածուն առաջադրել եւ առաջադրեցին, այսպես կոչված, միասնական թեկնածու: Այսինքն, նման անբնական զարգացումներ կային, եւ դա դարձավ դրդապատճառներից մեկը, որ ես գամ այս, իմ կարծիքով, ճիշտ որոշմանը», - պարզաբանեց նախագահության թեկնածուն:

Հուլիսի 19-ի ընտրություններում Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանող հայտարարությունը ստորագրել են ոչ միայն իշխանական, այլեւ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները` «Շարժում 88»-ը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը:

«Ընդհանրապես, եթե ընտրություն ենք անցկացնում, այդ ընտրությունները պետք է լինեն այլընտրանքային: Այն ուղին, որով փորձում էին գնալ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, այդպիսի հնարավորություն չէր տալիս մեր ժողովրդին: Եվ մեր այս վերջին տարիների ձեռքբերումները, այսինքն` որ մենք կարողացել ենք աշխարհին ցույց տալ, որ մենք ժողովրդավարական երկիր ենք եւ այդ առումով ավելի բարձր մակարդակի վրա ենք գտնվում, քան հարեւան Ադրբեջանը, եւ դա շատ լուրջ փաստարկ էր նաեւ կարգավորման գործընթացում, վտանգ կար, որ մենք այդ փաստարկը կարող էինք կորցնել: Դա էլ էր դրդապատճառ, որ ես այդ որոշման գայի եւ առաջադրվեի», - ընդգծեց Մասիս Մայիլյանը` հավելելով. - «Վերջին 15 տարիների ընթացքում, լինելով պետական ծառայող, դիվանագիտական ծառայող, ես հիմնականում զբաղվել եմ մեր երկրի կերպարով` ստեղծելով դրական կերպար, եւ ես չէի կարող թույլ տալ, որ այդ դրական իմիջը կասկածի տակ դրվի»:

Ի պատասխան այն հարցի, թե արդյոք միմյանց այլընտրանք չէի՞ն իրենից առաջ առաջադրված չորս թեկնածուները, Մայիլյանը ասաց. - «Եթե այսօրվա մեկնաբանությունները նայենք եւ մինչ այդ անցկացված սոցիոլոգիական հարցումները, կարելի է ասել` ոչ: Բակո Սահակյանի այլընտրանքը կարող եմ լինել միայն ես` այս ցուցակում»:

Իսկ իր եւ Սահակյանի միջեւ տարբերությունը, ըստ Մայիլյանի, այն է, «որ կա իշխանական, իշխանության կողմից թեկնածու, որը ես չեմ, այսինքն` մի թիմ իր թեկնածուով, որը մտադրություն ունի շարունակել նույն ձեւով, եւ կա Մասիս Մայիլյանը, որը համաձայն չէ դրան եւ կողմնակից է իրական բարեփոխումներին»:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ - Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG