Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը նկատում է, որ կոալիցիա կազմած քաղաքական ուժերը չեն շտապում բաժանել փոխնախարարների, մարզպետների եւ փոխմարզպետների պաշտոնները: «Այս պաշտոնները բաժանվելու են կառավարության ծրագիրը Ազգային ժողովին ներկայացնելուց հետո: Առայժմ հայտնի է, որ ՀՅԴ-ին բաժին է հասել Արագածոտնի մարզպետի պաշտոնը, ԲՀԿ-ին` Շիրակի, Գեղարքունիքի եւ հավանաբար նաեւ Կոտայքի մարզպետների պաշտոնները: Մնացած վեց մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնները բաժին են հասել ՀՀԿ-ին», - գրում է թերթը:

«Ազգ»-ն այսօր տեղեկություններ է հաղորդում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցի մասին. - «Մասնագիտությամբ ինժեներ Վահե Աղաբեկյանցը Հայաստան է տեղափոխվել 1998 թվականին եւ 1999 թվականից աշխատել է որպես արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խորհրդական, իսկ վերջին մեկուկես տարիներին զբաղվել է մասնավորապես գյուղական համայնքների զարգացման ծրագրով:
Թեհրանում ծնված Վահե Աղաբեկյանցը կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում, որտեղ հիմնել է մի քանի հաջողված բիզնես կազմակերպություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` համագործակցելով աշխարհի 500 խոշորագույն կազմակերպությունների հետ: «Ես այն բախտավոր սփյուռքահայերից եմ, որը երազել է անկախ Հայաստանի մասին, եւ այսօր հնարավորություն ունեմ Հայաստանը դարձնել մեր երազների երկիրը», - հոգաբարձուների խորհրդի ժամանակ նշել է Վահե Աղաբեկյանցը»:

Երեկ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Նվիր Պողոսյանը: «Հայկական ժամանակ»-ն այս առիթով գրում է. - «Նորանշանակ մարզպետը բավական հայտնի է իր դաժանությամբ: Ընդամենը մի քանի ամիս առաջ նա այնպես էր ծեծել իր սեփական փեսային (դստեր ամուսնուն), որ վերջինս հիվանդանոց էր ընկել: Հետո մարզային նախկին ոստիկանապետը ջարդել էր փեսայի մեքենան... Այնպես որ, նորանշանակ մարզպետից անհրաժեշտ է առանձնահատուկ զգույշ լինել»:

«Հայք»-ը գրում է. - «Հանրապետական կուսակցության խմբակցության առաջնորդ Կարեն Կարապետյանը մինչեւ նախագահի ընտրություն կարող է զբաղեցնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Իսկ Տիգրան Թորոսյանը կզբաղեցնի Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը: Սերժ Սարգսյանի սցենարն է, որը բացահայտեց ՀՀԿ-ի անդամներից մեկը: Ըստ որոշ տեղեկությունների, Կարապետյանը դեմ է այս տարբերակին, սակայն առայժմ Սարգսյանի վրա ազդելու միջոցներ չի գտնում: Այս տարբերակին դեմ է նաեւ Թորոսյանը, որը, սակայն, հաշտվել է իր ճակատագրին»:

«Այսօր ցանկացած խելքը գլխին քաղաքական գործիչ, լինի իշխանամետ, թե ընդդիմադիր, պարզ հասկանում է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում հաջողության շանսեր ունենալու համար ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական թեկնածուով», - շարադրում է «Իսկական իրավունք»-ը: - «Սակայն «Նոր ժամանակներ» կուսակցության «փարաքարափակիչ» առաջնորդ Արամ Կարապետյանը վերջերս հայտարարել է, որ բացարձակապես չի ընդունում միասնական թեկնածուի գաղափարը, եւ ինքը առաջադրվելու է, ու վերջ: Բացի այդ, նա վերջերս այնքան է գոռոզացել, որ այլեւս ամոթալի է համարում լրագրողների հետ անձնական շփումները եւ մամուլի հետ սկսել է հաղորդակցվել բացառապես մամլո խոսնակի միջոցով: Այս պարագայում դժվար է չհիշել Շավարշ Քոչարյանի թեւավոր խոսքը հայոց քաղաքական դաշտի սիրամարգների մասին»:

«Ժամանակ - Երեւան»-ը գրում է. - «Օրերս տեղեկացանք, որ «Իմպիչմենտ»-ի միտինգներին մասնակցած տարբեր մարդկանց նկատմամբ այնուամենայնիվ կիրառվել են բռնություններ ու վախեցնելու փորձեր: Մեր զրուցակիցներից մեկին հրավիրել են պետավտոտեսչություն` մեքենային համարները Մատենադարանի մոտ ֆիքսելով: Երբ տեսել են, որ տարեց մարդ է, բաց են թողել, բայց խորհուրդ են տվել «միտինգների հետ գործ չունենալ»: Մեր մյուս զրուցակիցը, որ մարզի բնակիչ է, եւ միտինգների ջերմեռանդ մասնակից, ավելի լուրջ կացության մեջ է հայտնվել: Նրան հրավիրել են ոչ ավելի-ոչ պակաս` Անվտանգության ծառայություն ու մի քանի ժամ պահել: Մարդը, որ իրենց շրջանում համարձակ, անվախ մարդու համբավ ունի, ոտից գլուխ ընդդիմադիր է, այնքան է վախեցել, որ խոստացել է այսեւս միտինգներին չմասնակցել: Նա ասում է, որ մինչեւ վերջին րոպեն վստահ է եղել, որ իրեն իջեցնելու են «կագեբեի պադվալ», մտքով հրաժեշտ է տվել ընտանիքին, անիծել է «էն օրը», որ կապվեց ընդդիմության հետ ու ընդհանրապես միտինգի գնաց»:

«Անհեթեթ մեղադրանքով անազատության մեջ է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը: - «Նրանք, ովքեր գոնե հեռվից գիտեն Ալիկին, որեւէ կասկած չունեն՝ նա «փողեր լվանալու» ընդունակ չէ: Բայց արի եւ տես, հիմա էլ «մտավորականների» գերակշիռ մեծամասնությունը մտել է իր «ծակուծուկը»՝ հավանաբար, վախենալով այլեւս մրՁանակներ չստանալ: Իսկ կան այնպիսիք, որոնք ասում են. «Հասնում ա էդ ՀՀՇ-ականին: Համ էլ՝ կինը հրեա է: Ինչո՞ւ է հրեա առել, ուրեմն՝ հուդամասոն է»: Բոլոր նման դեպքերում նորմալ մարդու, մտավորականի ռեակցիան պետք է լինի՝ «չի՛ կարող պատահել»: Իսկ եթե մարդն ասում է՝ «եթե բռնել են, ուրեմն մի բան կա», ապա նա «ագրեսիվ-հնազանդ մեծամասնությունից է»: Նույնիսկ՝ եթե երիցս ակադեմիկոս է կամ նախագահական մրՁանակի դափնեկիր»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG