Մատչելիության հղումներ

logo-print
«Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել զինվորական ծառայութունից խուսափելու համար, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, թե «կոմպրոմիսների եւ նման առաջարկների հնարավորություն եղել է»:

«Բայց ես, ճիշտն ասած, կոնֆորմիստ չեմ, եւ չեմ պատկերացնում նաեւ իմ հետագա կյանքը այդ համաձայնությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում», - շարունակեց Բաբաջանյանը: - «Ես մերժել եմ բանակցությունների արդյունքում արված առաջարկները, որոնք միանշանակ մերժում էին նաեւ իմ` Հայաստանում ապրելու հանգամանքը: Ինչը, ուղղակի, ինձ համար չէր կարող ընդունելի լինել... Ոչ միայն թերթը պետք էր փակել, այլ պետք էր փակել թերթի ինտերնետային կայքը, գրասենյակը, եւ ես պետք է լքեի Հայաստանը»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրությանը վերաբերող հարցին Բաբաջանյանը պատասխանեց. - «Ընթացիկ ամսվա ընթացքում մենք դիմեցինք նաեւ Վճռաբեկ դատարան, որտեղից ստացանք պատասխան, որ վարույթ չի ընդունվել մեր գործը: Եվ մենք, արդեն սպառելով Հայաստանի բոլոր դատական ատյանները, ստիպված ենք դիմել Եվրոպական դատարան»:

«Մեծ հույսեր ազատման իմաստով Եվրոպական դատարանից չկա», - շարունակեց նա: - «Շուտով լրանում է իմ վաղակետ պայմանական ազատման ժամկետը: Ես ակնկալում եմ, որ այդ մասով, հավանաբար, որոշակի փոփոխություններ կլինեն... Օգոստոսին լրանում է վաղակետ պայմանականը, դրանից հետո [գործը] կներկայացվի այդ [միջգերատեսչական] հանձնաժողովին, որը իրավասու է ընդունել իմ դիմումը... Պայմանական ազատվելը ինձ համար եւս բավարար չէ, բայց Եվրոպական դատարանից, ես կարծում եմ, որ կստանանք համապատասխան որոշում, որը եւ այդ մասով ինձ կազատի թե’ քրեական հետապնդումից եւ թե’ այդ պայմանական ազատումը եւս կվերացնի»:

2003 թվականին ուժի մեջ մտած օրենքով, զինապարտությունից խուսափած 2057 Հայաստանի քաղաքացիների հնարավորություն տրվել է խուսափել քրեական պատասխանատվությունից: Իսկ Բաբաջանյանին այդ հնարավորությունը չեն տվել, ինչն էլ Եվրոպական դատարան ներկայացվելիք դիմումի մեխն է:

«Սա խտրականություն է իմ նկատմամբ», - ասաց Բաբաջանյանը:

Հարցին, թե արդյո՞ք հույս ունի, որ օգոստոսին իր նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի, Արման Բաբաջանյանը արձագանքեց. - «Ես այդքանի միամիտ չեմ: Ես հասկանում եմ, որ երկրում լուրջ քաղաքական գործընթացներ են եւ իմ ձերբակալությունը, իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը այլոց վախեցնելու տարրեր է պարունակում»:

Զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հունվարին «Ժամանակ -Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման` հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Վերաքննիչը սոսկ վեց ամսով կրճատեց նախորդ տարվա հունիսին առաջին ատյանի դատարանի ընդունած վճիռը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG