Մատչելիության հղումներ

Պոլիտկովսկայային hետմահու շնորհվել է հեղինակավոր մրցանակ


ԱՄՆ-ի Մամուլի ազգային ակումբը «Մամուլի ազատություն» մրցանակը հետմահու շնորհել է 2006 թվականի հոկտեմբերին Մոսկվայում սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայային:

Միացյալ Նահանգների Մամուլի ազգային ակումբը հայտարարել է, որ Պոլիտկովսկայան մրցանակի է արժանի «Չեչնիայում Ռուսաստանի զինվորականների կեցվածքի մասին անվախ ռեպոտաժներ պատրաստելու համար»:

«Աննա Պոլիտկովսկայան երբեւէ թույլ չի տվել, որ մահվան սպառնալիքը խոչընդոտ լինի Չեչնիայի հակամարտության մասին հիանալի ռեպորտաժներ պատրաստելու համար, նա արժանի է, որ իրեն հիշեն եւ հարգեն արիություն դրսեւորելու եւ լրագրությանը նվիրված լինելու համար», - ասել է ԱՄՆ-ի Մամուլի ազգային ակումբի նախագահ Ջերի Զրեմսկին:

Նույն անվանակարգում երկրորդ մրցանակը ստացել է «Մայամի Հերալդ» պարբերականի նախկին գործադիր տնօրեն, «Լրագրողների կոալիցիա հանուն բաց կառավարության» կազմակերպության համահիմնադիր Փիթ Վայցզելը:

Ընդհանուր հաշվով մրցանակներ են շնորհվել 25 անվանակարգերում:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 16-ին Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի Մամուլի ազգային ակումբը (National Press Club) ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Ակումբի անդամներ են ավելի քան 3,5 հազար ամերիկացի եւ օտարերկրացի լրագրողներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG