Մատչելիության հղումներ

Վլադիմիր Սոկոր. «Հայերի ազգային զգացմունքները ուժեղ են առողջ բանականությունից»


Ամերիկացի քաղաքագետ եւ հրապարակախոս Վլադիմիր Սոկորը ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե «հայերի ազգային զգացմունքները ուժեղ են առողջ բանականությունից»:

Սոկորը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակում չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտ հեռանկար, քանի որ «հայկական կողմը չի ցանկանում կարգավորում, կամ էլ դարձել է Ռուսաստանի գերին»:

«Ռուսաստանը, անկասկած, չի ցանկանում ոչ մի կարգավորում: Հայաստանը, այդ իմաստով, իրեն դարձրել է Ռուսաստանի պատանդը, եւ Ռուսաստանին այդ վիճակը ձեռնտու է», - ասել է քաղաքագետը:

Ի պատասխան այն հարցի, թե «կարո՞ղ է արդյոք որեւէ կերպ նպաստել հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի արագացված տնտեսական զարգացումը, նրա բանակի հզորացումը, երկրի ուղեգիծը դեպի եվրատլանտյան ինտեգրում», Սոկորը հայտարարել է. - «Կասկածում եմ, թե դա կհամոզի հայերին: Որովհետեւ այն կողմում, իմ կարծիքով, գերակշռում են ազգային զգացմունքները: Իսկ դրանք միշտ էլ ավելի ուժեղ են, քան տնտեսական առողջ բանականությունը: Իսկ այդ առողջ բանականությունը պետք է ստիպի Հայաստանին եւ Ղարաբաղի բնակչությանը սերտ կապեր փնտրել Ադրբեջանի հետ»:

Քաղաքագետը նաեւ համոզմունք է հայտնել, թե Կոսովոյի անկախություն ձեռք բերելու հնարավոր նախադեպը չի կարող արտացոլվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, քանի որ «ամեն հակամարտություն իր առանձնահատկություններն ունի»:

Նա պարզաբանել է, թե ի տարբերություն Կոսովոյի, ուր էթնիկ զտումից հետո փախստականները վերադարձել են իրենց տները, եւ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, ԱՄՆ-ը իրավիճակը վերահսկողության տակ են պահում, Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում` «այնտեղ չկա ոչ ՆԱՏՕ, ոչ Եվրամիություն, ոչ ԱՄՆ, ոչ էլ ՄԱԿ-ի մանդատ»:

«Միայն Ռուսաստանն է վերահսկում իրավիճակը անջատողական տարածքներում: Նա այնտեղ վերահսկում է նաեւ ռազմական իրավիճակը, եւ ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը հանդես է գալիս իբրեւ Ռուսաստանի դաշնակից», - հայտարարել է Վլադիմիր Սոկորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG