Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Կոալիցիոն համաձայնագիրը գաղտնազերծված է» վերնագրի ներքո գրում է. - «Մինչեւ վերջերս իշխանական ուժերը հույժ գաղտնի էին պահում հունիսի 6-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը: Սակայն արդեն գաղտնիքներ չկան»: Համեմատելով 2003 եւ 2007 թվականների կոալիցիոն հուշագրերը` թերթը ընդգծում է. - «Ընդհանրապես, ամեն տողից նկատելի է, որ նոր հուշագիրը նախորդի լավ խմբագրված տարբերակն է: Պարզապես հինը հարմարեցվել է նոր ժամանակին եւ տեղին: Եթե առաջինում առնվազն երկու անգամ հիշատակվում է Ռոբերտ Քոչարյանի անունը, ապա նորում ոչ մի տեղ այն նշված չէ, ուղղակի գրված է` «ՀՀ նախագահ», թեպետ նշենք, որ երկրի ղեկավարի պաշտոնը դարձյալ հիշատակվում է երկու անգամ»:

«168 ժամ»-ը անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարություններին. - «Վարդան Օսկանյանը նշել է, թե հետագա բանակցություններին Լեռնային Ղարաբաղի հնարավոր մասնակցությունը չի կարելի համարել բանակցային ֆորմատի ընդլայնում կամ փոփոխություն: «Ղարաբաղի մասնակցությունը չի նշանակում, որ ձեւաչափը փոխվել է: Ընդհակառակը, Ղարաբաղի մասնակցությամբ մենք վերադառնում ենք հիմնական ֆորմատին», - ասել է Վարդան Օսկանյանը: Իսկ, ինչպես հիշում եք, Վարդան Օսկանյանի կողմից հիշատակված 1997-ի մարտին, երբ Լեռնային Ղարաբաղը աստիճանաբար սկսեց դուրս մղվել բանակցային գործընթացից, Հայաստանի վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, եւ առաջ քաշվեց 8 հազար քառակուսի կիլոմետրանոց անկախ Ղարաբաղ ունենալու «հաղթողական ծրագիրը»: Արդեն 10 տարի է` Վարդան Օսկանյանի անմիջական մասնակցությամբ «իրականացվում է» այդ «հաղթողական» քաղաքականությունը, սակայն արդյունքն այն է, որ այսօր պայքարում են հիմնական ֆորմատին վերադառնալու համար»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին վերջերս շրջանառվող լուրերին, վերլուծում է. - «Նախագահ դառնալու համար պետք են 3 տիպի ռեսուրսներ` քաղաքական, հասարակական, նյութական: Իրավիճակը հետեւյալն է. 1. Տեր-Պետրոսյանին սատարելու պատրաստ կուսակցությունները թույլ են, անկազմակերպ եւ անմիաբան, 2. հասարակության մեջ գերակշռում է մեր անկախության առաջին տարիների նկատմամբ բացասական վերաբերմունքը, 3. նյութականի մասին խոսելն անգամ ավելորդ է: Եթե ես կարողանում եմ անել նման վերլուծություն, ապա ՀՀ առաջին նախագահը դա 1000 անգամ ավելի լավ կանի: Այնպես որ, Տեր-Պետրոսյանի առաջադրվելու հարցը կարելի է պարզապես հանել օրակարգից»:

«Ազգ»-ը, հիշեցնելով, որ երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն ընտրվեց արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը, մեկնաբանում է. - «Բոլորովին անծանոթ մի անձնավորություն ոչ միայն սփյուռքահայության, այլեւ Հայաստանի՝ նույնիսկ իրազեկ շրջանակների համար... Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը մեծ հեղինակություն, լայն ճանաչում ու համակրանք, բարձր պատասխանատվություն ենթադրող պաշտոն է, կազմակերպական տաղանդով հատկանշված: Նույնիսկ Խորհրդային Հայաստանի տոտալիտար վարչակարգի ներկայացուցիչներն էին դա հասկանում: Եվ պատահական չէ, որ դեռեւս 1922 թվականին նրանք Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) ղեկավար էին նշանակել մեր ամենատաղանդավոր եւ անբասիր մարդուն՝ Հովհաննես Թումանյանին... Նախորդների դրական փորձը, հատկապես պահպանողական ավանդույթներ ունեցող ազգային կառույցներում, ինչպիսին է Հիմնադրամը, պետք է միշտ հաշվի առնվի: Հիմնադրամը ճանաչելիություն ձեռք բերելու փորձադաշտ չէ»:

«Ժամանակ - Երեւան»-ը գրում է. - «Ալեքսանդր Արզումանյանի գործը, ըստ լավատեղյակ աղբյուրների, փակուղու առաջ է կանգնած: Եվ նախաքննական մարմինը չգիտի, թե ինչ է անելու: Մանավարդ որ` հուլիսի 7-ին լրանում է կալանքի ժամկետը եւ 10 օր առաջ պետք է կողմնորոշվել` բա՞ց թողնել Արզումանյանին, թե՞ եւս երկու ամիս խնդրել, որ դատարանն ավելացնի: Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը հավատացնում է, որ «նրան շուտով բաց կթողնեն»: Ասել է թե` մեր իրավապահ համակարգը առայժմ «բաց թողնելու» բացատրություն է փնտրում»:

«Հայկական ժամանակ»-ը «Վարդանիկն արդեն քեֆ է անում» վերնագրի ներքո գրում է. - «Իրավապահ մարմինները միայն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր տանից հայտնաբերել են 700 հազար դոլար: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այն, ինչ գտնվել է Ղուկասյանների տներից դրանց խուզարկությունների ընթացքում, այդ ամբողջը «առգրավվել է»: Բայց` մտել է ոչ թե պետական բյուջե, այլ հասել է բոլորովին այլ տեղ: Եվ դա էլ հենց Վարդան Ղուկասյանի համար դարձել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը պահպանելու գինը: Այսինքն, ինչպես ընդունված է ասել քաղաքական շրջանակներում` Ղուկասյանը տեղը տեղին մուծվել է վերեւներին: Գյումրիում արդեն վստահ են, որ Ղուկասյանն այս անգամ էլ պրծավ, ընդ որում` առանց իր հայտնի «գժի թուղթը» ցույց տալու»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG