Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերքեց իր ադրբեջանցի պաշտոնակցի` օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանը թայմաութ է վերցրել բանակցային գործընթացում մինչեւ աշուն:

«Ղարաբաղի բանակցություններում Հայաստանը ոչ մի թայմաութ չի վերցրել», - հայտարարեց արտգործնախարարը: - «Հայաստանը իր հստակ դիրքորոշումը ունի. բազմիցս մենք ասել ենք, որ այդ փաստաթղթի շուրջ պատրաստ ենք բանակցությունները շարունակել»:

«Բայց, որովհետեւ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական կողմից արդեն նախնական նշաններ երեւում էին որոշ պայմանավորվածություններից հետ կանգնելու, ես կարծում եմ, որ Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է նախահարձակ լինել` ինչ-որ մեղավորներ գտնելու առումով», - հավելեց Օսկանյանը:

Որ Ադրբեջանը փորձում է հետ կանգնել որոշ նախնական պայմանավորվածություններից, Վարդան Օսկանյանը եւս մեկ անգամ ակնարկեց` պատասխանելով մեկ այլ հարցի: Նախագահների վերջին հանդիպումից հետո որոշ վերլուծաբաններ հայտարարեցին, որ Ադրբեջանը ընդհանրապես հրաժարվում է ղարաբաղյան հարցով հանրաքվեի գաղափարից: Օսկանյանը ասաց, որ կխուսափեր բովանդակային մանրամասների անդրադառնալուց` այդուհանդերձ շարունակելով. - «Ադրբեջանի կողմից, համենայն դեպս, հստակ նկատվում է դիրքորոշումների փոփոխություն, որոշ պայմանավորվածություններից հետ կանգնելու ինչ-որ միտում... Պետք սպասել, Ադրբեջանի հետագա քայլերից նաեւ ինչ-որ եզրակացությունների հանգել, թե դա ինչ միտում ունի` կոշտացմա՞ն միտում, առհասարակ քաղաքականության փոփոխությա՞ն... Մի քիչ վաղ է եզրակացությունների հանգելը: Համենայն դեպս, նման տենդենցներ մեր կողմից սկսել են նկատվել»:

Ռոբերտ Սիմոնսը, պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ հարցին, ասաց, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն բանակցություններին եւ տարածաշրջանում հակամարտությունների լուծմանը չի ուզում մասնակցել, բայց ողջունում է Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը. - «Մենք վստահ ենք, որ երկու կողմերի համար էլ կարեւոր է բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը հասնելը: Ռազմատենչ հայտարարությունները դրան չեն նպաստում: Անձամբ ես չեմ կարծում, որ դրանք իրատեսական են, բայց, ինչպես ասացի, ՆԱՏՕ-ն կողմ է բանակցությունների շարունակմանը: Մենք դրանց հետեւում ենք, բայց անմիջականորեն ներգրավված չենք»:

Վարդան Օսկանյանը «բավական ընդգրկուն» գնահատեց Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները` ավելացնելով, որ արդեն երկրորդ տարին է, որ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործողութունների ծրագրի տառն ու ոգին բոլոր ուղղություններով կիրառության է դրվում: Վերջերս տեղի ունեցած ծրագրի տարեկան գնահատումը դրական էր:

Ինչպես հայտնի է, ռազմական ոլորտում բարեփոխումներից բացի, ծրագիրը նաեւ քաղաքական հատված ունի: Այս առիթով պարոն Սիմոնսը ասաց, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ շատ լավ քաղաքական երկխոսություն ունի. - «ՆԱՏՕ-ն բարձր է գնահատել խոհրդարանական ընտրությունների անցկացումը: Մենք կհետեւենք նաեւ նախագահական ընտրությունների անցկացմանը հաջորդ տարի, եւ սա համահունչ է անհատական գործողությունների ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին»:

ԱՄՆ-ի դեսպանատունը վերջերս մտահոգություն էր հայտնել Հայաստանի եւ Իրանի` էներգետիկ բնագավառում համագործակցության վերաբերյալ: Այս առիթով ՆԱՏՕ-ն կարծես անհանգստացած չէ:

«Մենք խնդիր չենք տեսնում», - ասաց Սիմոնսը: - «Շատ երկրներ են Իրանից էներգառեսուրսներ գնում: Մեր մտահոգությունները կապված են Իրանի միջուկային ծրագրի պոտենցիալ զարգացման հետ: Բայց, միեւնույն ժամանակ, մենք խնդիր չենք տեսնում այլ երկրների տնտեսական համագործակցության մեջ Իրանի հետ: Մենք հասկանում ենք դժվարությունները եւ մատչելի էներգառեսուրսներ փնտրելու անհրաժեշտությունը»:

Վարդան Օսկանյանը իր խոսքում ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի հնարավոր տեղադրման խնդիրը: Ըստ Օսկանյանի, դա նախ եւ առաջ Եվրոպայի, ԱՄՆ ի եւ Ռուսաստանի խնդիրն է:

«Բայց երբ խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, ինչպես վերջերս նշվեց`Ադրբեջանի տարածքի հնարավոր օգտագործումը այդ խնդիրների համար, մեր հետաքրքրությունն այնտեղ առաջանում է, որովհետեւ խոսքը վերաբերում է արդեն Կովկասին, տարածաշրջանին: Մեզ մոտ հարցեր են ծագում, թե ինչպես կարող է դա ազդել քաղաքական եւ անվտանգության հարցերում հավասարակշռության վրա»:

Իսկ մինչեւ համատեղ ասուլիսը կայացած հանդիպման ժամանակ, ըստ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման շուրջ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG