Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ստորագրեցին երկու երկրների կառավարությունների միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրում լրացում կատարելու մասին 5-րդ արձանագրությունը, որի համաձայն` Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի կառավարությանն է տրամադրելու 1.616.927 ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն, որից 200 հազարն ուղղվելու է թրաֆիքինգի դեմ պայքարին:

Պետդեպարտամենտի`վերջերս հրապարակած 2006 թվականի զեկույցի համաձայն, Հայաստանը կրկին թրաֆիքինգի տեսակետից վտանգ ներկայացնող եւ վերահսկման ենթակա երկրների ցուցակի երկրորդ` միջին խմբում է ընդգրկված:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք պետդեպարտամենտի` ինչ-որ տեղ բացասական գնահատականն է պատճառը, որ թրաֆիքինգի դեմ պայքարի համար այս անգամ էլ զգալի գումար է հատկացվել, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. - «Չէի ասի, թե այնտեղ [զեկույցում] բացասական գնահատական է տրված Հայաստանին: Ճիշտ հակառակը` նշված են դրական ասպեկտները, դրական աշխատանքները ավելի շատ: Իհարկե, եթե աշխատանք ես կատարում, կլինեն նաեւ բացասական երանգներ»:

ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին նույն հարցին ի պատասխան ասաց, թե «համամիտ է գլխավոր դատախազի հետ. - «Կարեւոր քայլեր ձեռնարկվել են, բայց դեռ ավելի շատ աշխատանք կարող են եւ պետք է անեն»:

Իրավապահ ոլորտում համագործակցության համաձայնագիրը
ստորագրվել է 2001 թվականին եւ, ըստ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, առ այսօր ծրագրի շրջանակներում շուրջ 9 մլն դոլարի աշխատանք է կատարվել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG