Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունները գնալով սրվում են: «Որքան էլ նրանք փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է` իրականությունը բոլորովին այլ է: Սերժ Սարգսյանը երազում է իշխանությունը վերցնել ամբողջովին եւ միանգամից, իսկ Ռոբերտ Քոչարյանը որեւէ մտադրություն չունի հրաժարվել իշխանությունից: Բացառված չէ, որ նա համաձայնի լքել նախագահի պաշտոնը, բայց ծրագրում է դե ֆակտո մնալ երկրի ղեկավար», - գրում է թերթը: «Հայք»-ի տեղեկություններով, օրերս Սերժ Սարգսյանը փոքրաթիվ պատվիրակությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին եւ նրան առաջարկել հրաժարական տալ արդեն սեպտեմբերին. - «Սերժ Սարգսյանն ասել է, թե այդ դեպքում ընդդիմությունը չի կարող լուրջ դիմադրություն ցույց տալ իշխող կլանին: Քոչարյանը շատ չոր տոնով մերժել է Սարգսյանին եւ հասկացրել, թե նա բոլորովին այլ ծրագրեր ունի: Քոչարյանին զայրացրել է նաեւ այն, որ Սարգսյանն իրեն առաջարկել է հրաժարականից հետո գլխավորել «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ռոբերտ Քոչարյանը Սարգսյանին հիշեցրել է, թե առայժմ վաղ է խոսել իշխանական միասնական թեկնածուի մասին: Ավելին, նա ասել է, թե իր կարծիքով շատ ավելի ճիշտ կլինի, եթե նախագահի պաշտոնում իրեն փոխարինի Վարդան Օսկանյանը»:

«Դաշնակցության համար ուղղակի երազանք է իշխանական լծակներ ունենալով` չստանձնել պատասխանատվություն, իշխանական հաճույքներից օգտվելով, իշխանության ընձեռած հնարավորությունները ի շահ կուսակցության ծառայեցնելով` հարկ եղած դեպքում ազատորեն քննադատել իշխանությանն ու ընտրողների առաջ միավորներ վաստակել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Դաշնակցության համար միշտ էլ հարազատ է եղել «հա’մ նալին, հա’մ մեխին» սկզբունքը, դեռ ազգային զարթոնքի տարիներից, երբ այդ կուսակցությունը անկախական ըլլալով` Սովետ Միությունից անջատմանը դեմ կըլլար: Կուսակցության համար ուղղակի իդեալական վիճակ է` ո’չ իշխանություն են, ո’չ ընդդիմություն, կոալիցիայից դուրս չեն, բայց կոալիցիայում էլ չեն. բա որտե՞ղ են»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Երբ Սեյրան Ավագյանը ԱԺՄ-ական էր եւ հեղափոխական, նրան հեռվից հնարավոր չէր տարբերել այդ կուսակցության առաջնորդից. նույն ճաղատությունը, նույն ակնոցը, նույն ձայնը եւ նույն կարճ, հատու նախադասությունները՝ ուղղված հանցավոր ռեժիմի տապալմանը: Բայց երբ 96-ի Ազգային ժողովի գրոհը ցանկալի արդյունքների չբերեց, ընդդիմադիր կարգավիճակը սկսեց ձանձրացնել Վազգեն Մանուկյանի նմանակին: Հիմա պարոն Ավագյանը ծառայում է Քոչարյանին՝ անճանաչելիորեն փոխելով իր խոսքերի ձեւն ու բովանդակությունը եւ նույնիսկ՝ ճաղատությունը... «Օրինաց երկրի» երիտասարդական կառույցի ղեկավար Սամվել Ֆարմանյանը փոքր Արթուր Բաղդասարյանն էր, բառացիորեն ընդօրինակել էր ՕԵԿ նախագահի բոլոր մտքերը, բառերը, շարժումները: Բայց վերջին խորհրդարանական ընտրություններում ոչ անցողիկ տեղում հայտնվելով՝ պարոն Ֆարմանյանը հանկարծ պարզեց, որ կուսակցության առաջնորդը չի հետեւում եվրոպական արժեքներին, եւ երես թեքեց իր ուսուցչից»:

«Լրատվամիջոցները երեկ ստացան Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հերթական հաղորդագրությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թվականի ընդունելության գործընթացը կազմակերպելու մասին», - գրում է «Ազգ»-ը: - «Նախարարի հրամանագրով ստեղծվել է ընդունող հանձնաժողով իր, փոխնախարարի, պատասխանատու քարտուղարի, վերահսկման բաժնի պետի, նախարարության այլ աշխատակիցների, պետական բուհերի ռեկտորների, ինչպես նաեւ, ուշադրություն դարձրեք, ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ: Այլ խոսքով, փաստորեն շարունակվում է խորհրդային ավանդույթն ու կառավարման համակարգը՝ կառավարությունն զբաղվում է բուհական ընդունելության քննություններով: Որքան անհեթեթ, նույնքան անտեղի մի գործառույթ, որը մե՜ծ հաճույքով ու պատրաստակամությամբ իշխանությունները շարունակում են կրել իրենց ուսերին»:

«Չորրորդ իշխանություն»-ը «Ինտելեկտուալ շովու» խորագրի ներքո ներկայացնում է, թե ինչպես է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը խաղում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը. - «Պրն Կարապետյան, առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ինչպե՞ս է կոչվում հայտնի ավտոմրցարշավը: Տարբերակ ա` Փարիզ-Դաքար, բ` Փարիզ-Պառավաքար, գ` Փարիզ-Փարաքար, դ` Փարիզ-Զոլաքար: Ձեր պատասխանը... Ես ուզում եմ օգտվել 50-50 հնարավորությունից, թեեւ հաստատ ընտրություններում 50 տոկոսից շատ ձայն եմ ստացել... Համակարգիչը հեռացրեց երկու սխալ տարբերակները: Եվ այսպես, մնաց երկու տարբերակ: Փարիզ-Դաքար եւ Փարիզ-Փարաքար: Ձեր պատասխանը... Կարո՞ղ եմ օգտվել «զանգ ընկերոջը» տարբերակից... Այո, ո՞ւմ ենք զանգելու... Մոսկվա: Կրեմլի պահակի բաջանաղին: Ալո’, ալո’, Վտարոյ, Վտարոյ, գավարիտ Արյոլ... Ցավոք, 30 վայրկյանը սպառվեց: Եվ այսպես... Ամեն դեպքում, դժվար թե Փարիզ-Փարաքար լինի, Փարաքարը փակել եմ: Փարիզ-Դաքար... Ճի’շտ է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG