Մատչելիության հղումներ

logo-print

«Իսկական իրավունք»֊-ի խմբագիրը պահանջ է դրել «Իրավունք»֊-ի խմբագրի առջեւ


«Իսկական Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին այսօր նամակ է հղել՝ նրան դիմելով որպես «Իրավունքի թղթակից Փիրուզա Մելիքսեթյան», եւ հանձնարարել է մինչեւ հունիսի 20֊ը, ժամը 11:00 ազատել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի աշխատասենյակը եւ այնտեղ զետեղել իր իսկ անձնական իրերն ու պարագաները, իսկ կատարման մասին զեկուցել անձամբ:

Նախկինում երկար տարիներ Հովհաննես Գալաջյանն է եղել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ ՍԻՄ֊-ի պառակտումից հետո, դատարանի որոշումն ի կատար ածելիս, խմբագրակազմի մի մասն ուժով վտարվել է Երեւանի Եզնիկ Կողբացու 50ա շենքից:
Գալաջյանը Հայկ Բաբուխանյանի հետ հիմնել է «Իսկական իրավունք»֊ը՝ Երեւանի երկաթուղային կայարանին մերձ՝ Անանիա Շիրակացի համալսարանի շենքում:

Նամակը, որն էլեկտրոնային փոստով ուղարկված է լրատվամիջոցներին, տպված է «Իրավունք»-ի բլանկի վրա, Եզնիկ Կողբացի հասցեով, եւ ծանուցում է նաեւ, որ ՍԻՄ-֊ի ներկայացուցիչների խորհրդի ընդլայնված նիստում հունիսի 16֊-ին որոշում է ընդունվել՝
«դատապարտել դատարանի կողմից ձեւավորված նախագահության չորս անդամների կողմից՝ «Իրավունք» թերթի աշխատակազմի դեմ իրագործված ապօրինի գործողությունները, վերահաստատել Գալաջյանին եւ Գրիգորյանին «Իրավունք» թերթի, համապատասախանաբար՝ գլխավոր խմբագրի եւ տնօրենի պաշտոններում»:

Փիրուզա Մելիքսեթյանն այս առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Առնվազն ծիծաղելի է, քանի որ «Իրավունք»-֊ի տերը ՍԻՄ֊-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն է, նա կարող է միայն նշանակել թերթի գլխավոր խմբագիր եւ հանել: Սրանից ավելին չեմ կարող ասել»:

Թե իր հանձնարարականը նշված ժամկետում ի կատար չածվելու դեպքում ի՞նչ է նախատեսում անել Հովհաննես Գալաջյանը, առայժմ պարզել չի հաջողվել:


Ռուզաննա Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG