Մատչելիության հղումներ

Բուհերի ընդունող հանձնաժողովների անդամները դժգոհում են պարապությունից


Ծրագրային, բովանդակային եւ գնահատման չափանիշների որեւէ փոփոխություն այս տարի չի եղել: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007 թվականի առկա ուսուցման տեղերի ընդունելության գործընթացը կազմակերպելու համար ստեղծվել է Հանրապետական ընդունող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը Լեւոն Մկրտչյանն է, տեղակալը՝ փոխնախարար Արա Ավետիսյանը:

Ընդունող հանձնաժողովներն արդեն պատրաստ են, սակայն դիմորդները բուհեր դեռ չեն շտապում: Ոմանք ատեստատները դեռ չեն ստացել, ոմանք էլ կարծում են, թե ուշ հայտ ներկայացնելու դեպքում քննություններն էլ ուշ կսկսվեն: Սակայն դա այդպես չէ, քանի որ ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրի միջոցով:

Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտողարի տեղակալ Էմիլ Սանթրոսյանը «Մաքս Լիբերթի»֊-ին հայտնեց, որ այս մի քանի օրվա ընթացքում ընդամենը 6 դիմորդ են ունեցել, որոնք անցյալ տարվա շրջանավարտներ են:

Նրա վկայությամբ՝ անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ երիտասարդները հիմնականում ընտրում են տնտեսագիտությունը, իրավագիտությունը եւ լեզուները:

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտողար Գրիգոր Արգելաթյանը նշեց, որ իրենց մոտ դեռ ոչ մի դիմորդ ընդունվելու ցանկություն չի հայտնել, չկա լրացված եւ ոչ մի դիմում, սակայն կան բազմաթիվ հետաքրքրվողներ:

«Մենք անցյալ տարի հունիսի 23-ի տվյալներով էլ ընդամենը 8 դիմում ենք ունեցել: Հոսքը սկսվում է հունիսի 25-ից հետո: Այդ օրերին մենք օրական ընդունում ենք մոտ 100 դիմորդի», - ասաց Արգելաթյանը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG