Մատչելիության հղումներ

Փախստականների թիվն աշխարհում աճել է


2005 թվականի համեմատ անցած տարի փախստականների թիվը աշխարհում աճել է 14 տոկոսով եւ կազմել գրեթե 10 միլիոն: Այդ են վկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի 2006 թվականի զեկույցում բերված տվյալները:

Ընդ որում, զեկույցում ներառված չեն պաղեստինցի փախստականները, որոնց հարցերով զբաղվում է ՄԱԿ-ի այլ կառույց:

Համաձայն զեկույցի, աճը պայմանավորված է հատկապես Իրաքից մարդկանց արագ եւ զանգվածային արտահոսքով: 2006 թվականի տվյալներով, Իրաքից հեռացել է մեկեւկես միլիոն մարդ, եւ հիմա արդեն իրաքցի փախստականների թիվը հասել է 2 միլիոն 200 հազարի:

Աֆղանստանից հեռացել է 2 միլիոն 100 հազար մարդ, Սուդանից` 680 հազարից ավելի, Սոմալիից` 460 հազար:

Հակամարտությունների պատճառով տեղահանվածների թիվը, ըստ ՄԱԿ-ի, գրեթե 13 միլիոնի է հասնում, իսկ ըստ Փախստականների նորվեգական խորհրդի` 24,5 միլիոնի:

Զեկույցում բերված տվյալները վկայում են, որ մարդիկ ապաստանում են հարեւան երկրներում կամ ձգտում են հասնել ավելի ապահով ու զարգացած երկրներ:

2006 թվականին Պակիստանում ապաստան է գտել մեկ միլիոն մարդ, Իրանում` գրեթե մեկ միլիոն, Սիրիայում` 700 հազար:

840 հազարից ավելի փախստականներ մեկնել են Միացյալ Նահանգներ, 600 հազարից ավելին` Գերմանիա:

Միաժամանակ, փախստականի կարգավիճակի համար դիմողների թիվը 2006 թվականին 2005-ի համեմատ նվազել է 11 տոկոսով: Ընդհանուր առմամբ, անցած տարի փախստականի կարգավիճակի համար դիմել է 740 հազար մարդ, հիմնականում` եվրոպական երկրներին:

Համաձայն զեկույցի, աշխարհում 5 միլիոն 800 հազար մարդ քաղաքացիություն չունի: Նշվում է նաեւ, որ նրանց թիվը իրականում կարող է 3 անգամ ավելի լինել` շուրջ 15 միլիոն մարդ:

Օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրապարակված տվյալներով` վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական ապաստան են խնդրել 400 արտասահմանցիներ: Իսկ միգրացիոն գործակալության փախստականների բաժնի տվյալներով` 2003 թվականին Հայաստանում ապրում էր մշտական բնակության վայր չունեցող փախստականների շուրջ 3500 ընտանիք:

Հունիսի 20-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է Փախստականների միջազգային օր:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG