Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահի նստավայրում հանդիսավորությամբ հանձնվեցին նախագահի ամենամյա մրցանակները մշակույթի եւ գիտության տարբեր բնագավառներում: «Ռոբերտ Պողոսյան ու որդիներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ արդեն վեցերորդ տարին շնորհվող մրցանակներից մեկը առաջին անգամ հանձնվեց հետմահու` Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակոս» թերթի հանգուցյալ խմբագրապետ Հրանտ Դինքին:

«Այս անգամ առաջին դեպքն է մեր մրցանակաբաշխության, երբ մրցանակը շնորհվում է հետմահու: Դա Հրանտ Դինքին շնորհած մրցանակն է», - ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: - «Մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Այսօր դահլիճում գտնվում են իր ընտանիքի անդամները: Ես ողջունում եմ իրենց եւ կցանկանայի հավաստիացնել, որ մենք միշտ հիշելու ենք Հրանտ Դինքին, որ Հայաստանը նաեւ իր ընտանիքի համար տուն է»:

Մրցանակը, ներկաների ծափողջույնների ներքո, ստացավ Դինքի այրին` Ռաքել Դինքը:

Ավելի ուշ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ երբեւէ Հայաստան տեղափոխվեն, Ռաքել Դինքը չբացառեց նման հեռանկարը. - «Բայց հիմա որեւէ ստիպողականություն չունենք»:

Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար մրցանակը շնորհվեց իտալացի կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանի եղբայրներին` «Արտույտների ագարակը» ֆիլմի համար: Մրցանակը ստանալու համար Հայաստան էր ժամանել Պաոլո Տավիանին:

«Այս ճանաչումը եւ այս մրցանակը ամենակարեւորն է եւ այդպիսին կմնա», - ստանալով մրցանակը`ասաց Պաոլո Տավիանին. - «Որովհետեւ սա մրցանակ է ոչ միայն ֆիլմին, այլ մի երեւույթի, որը ֆիլմից էլ ավելին է»:

Նախագահի մրցանակները ստացան նաեւ արվեստաբան Հենրիկ Իգիթյանը` 20-րդ դարի հայ արվեստի ուսումնասիրության եւ տարածման գործում ունեցած նշանակալի ներդրման համար, գրող Ռուբեն Հովսեփյանը` «Ծիրանի ծառերի տակ» վեպի համար, ճարտարապետ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` վերջերս հրատարակած եռահատոր ժողովածուի համար:

Երիտասարդական մրցանակներ հանձնվեցին կերպարվեստի եւ կինոյի, գրականության բնագավառներում, ինչպես նաեւ դասական երաժշտության բնագավառում բարձր կատարողական արվեստի համար:


Գայանե Դանիելյան

(լուսանկարում` Ռաքել Դինքը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG