Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «2007-ի խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին ու աննախադեպ»


Ուրբաթ օրը Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Սեմնեբին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ «լավագույնն ու աննախադեպ» է գնահատել անցած խորհրդարանական ընտրությունները: Եվրոպացի դիվանագետը այսօր Երեւանում հանդիպումներ է ունեցել նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

«2007-ի խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին ու աննախադեպ», - ըստ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, ասել է Սեմնեբին` հույս հայտնելով, որ «դրական միտումները կշարունակվեն նույն ոգով ու նույն որակով նաեւ նախագահական ընտրությունների պարագայում»:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Սեմնեբիի գլխավորած պատվիրակության անդամներին, նշել է, որ եվրոպական կառույցների բարձր գնահատականին արժանացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները վճռականորեն են տրամադրված` «առաջիկա նախագահական ընտրությունները եւս ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնել` ե’ւ օրենսդրական, ե’ւ կազմակերպական առումով»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին` Սեմնեբին դրական է համարել բանակցությունների շարունակման փաստը` չնայած սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ ակնկալված արդյունքների բացակայությանը` նշելով, որ «որակական քայլեր անելու եւ հարցի լուծման իրական հիմքեր դնելու ժամանակն է արդեն»:

Ազգային ժողովի նախագահը, իր հերթին, հիշեցնելով հակամարտության սկիզբը` նշել է, որ հիմա փախստականների ճակատագրի մասին շատ է խոսվում, բայց մոռացության է տրվել, որ առաջին փախստականները հենց Ադրբեջանից էին: Ղարաբաղի հարակից տարածքները «գրավյալ» որակելիս պետք է նշել նաեւ, որ Ադրբեջանն է օկուպացրել Գետաշենը, Շահումյանը, Մարտակերտի ու Մարտունու շրջանների զգալի հատվածները` վերջին երկուսը դեռ խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ի մաս էին կազմում:

Տիգրան Թորոսյանը ողջունել է Սեմնեբիի Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկությունը, հորդորել է անպայման ի շարս պաշտոնական հանդիպումների զրուցել մարդկանց հետ ու լսել նրանց կարծիքները, որովհետեւ ի վերջո նախ նրանց ճակատագիրն է որոշվում, եւ չմոռանալ, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է:

Սեմնեբիի գնահատականով` ժամանակը ի նպաստ հակամարտության հաղթահարման չի գործում, որովհետեւ «աստիճանաբար ամրապնդվում է թշնամու կերպարը, եւ այս վիճակն է ելակետային դառնում»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քննարկվել է նաեւ Փիթեր Սեմնեբիի եւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը վարչապետին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ այդ թեմայի շուրջ զրույցի մանրամասների մասին` նշելով, որ Եվրամիությունը շարունակում է մեծապես հետաքրքրված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության համար կարեւոր գործընկերներ են, այլեւ վստահության մթնոլորտ ստեղծելու եւ ավելի մեծ օժանդակություն ցուցաբերելու նպատակադրմամբ:

Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ փոխզիջումը որեւէ մեկը չպետք է ընկալի որպես միակողմանի զիջում եւ պետք է հասկանալ, որ հակամարտությունը լուծելու խելամիտ որեւէ այլ ճանապարհ, քան փոխզիջումը՝ չկա: Ըստ վարչապետի, Հայաստանը պատրաստ է տարբեր մակարդակով շփումների ակտիվացմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն, ցավոք, մինչ այժմ նման դրական ազդակներ ադրբեջանական կողմից չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG