Մատչելիության հղումներ

logo-print

Քրիս Ուոքեր. «Հայաստանում ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը անկում է ապրել»


Ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը անկում է ապրել Հայաստանում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Freedom House իրավապաշտպան կազմակերպության Եվրասիայի հարցերով պատասխանատու Քրիս Ուոքերը:

Համաձայն Freedom House-ի` երեկ հրապարակած զեկույցի, Հայաստանում ժողովրդավարական մի շարք հիմնական ցուցանիշների առումով հետընթաց է արձանագրվել:

«Բարելավման համար մեծ տեղ կա մի շարք հիմնական ոլորտներում` ընտրական գործընթացներ, ազգային եւ տեղական կառավարում, քաղաքացիական հասարակություն, անկախ մամուլ, դատաիրավական ոլորտ, կոռուպցիա: Բոլոր այս ոլորտներում իրավիճակը մնացել է անփոփոխ, բացի երկու ուղղություններից` ազատ մամուլի եւ ժողովրդավարական կառավարման ցուցիչներից, որտեղ հետընթաց է արձանագրվել», - նշեց Ուոքերը:

Ազատ մամուլի առումով հետընթացը նա պայմանավորեց «անցյալ տարի լրագրողների դեմ բռնության դեպքերի ավելացմամբ, մասամբ` Քրեական օրենսգրքում իշխանավորներին վիրավորելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող հոդվածով, որը շարունակում է մտահոգության առիթ հանդիսանալ»:

«Պետական կառավարման ոլորտում առաջընթացը, ինչպես շատերը հույս ունեին, պետք է արձանագրվեր 2005 թվականին Սահմանադրության փոփոխություններից հետո: Մեր զեկույցը արձանագրեց, որ կոնկրետ քայլեր չեն արվել հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակելու ուղղությամբ, եւ սա նույնպես բացասաբար ազդեց գնահատականի վրա», - նշեց Քրիս Ուոքերը:

Freedom House-ի 2006 թվականի գնահատականներով, մամուլի ազատության տեսակետից Հայաստանը աշխարհի 194 երկրների ցուցակում գրավում էր 137-րդ տեղը: Հայաստանի մամուլը արդեն 4 տարի շարունակ գնահատվել է «ոչ ազատ»: Freedom House-ի Եվրասիայի հարցերով պատասխանատուն դժվարացավ կանխատեսումներ անել, թե ինչ գնահատական կստանա Հայաստանի մամուլը 2007 թվականի տվյալներով:

«Իհարկե, հույս ունեմ, որ առաջընթաց կարձանագրվի: Հայաստանում բոլորի ցանկությունն է ունենալ որքան հնարավոր է բաց, անկախ եւ բազմակարծություն ապահովող մամուլ: Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ շատերը մտավախություն ունեին, որ լրատվամիջոցները չեն ապահովի կարծիքների եւ դիրքորոշումների բազմազանություն: Հատկապես դա վերաբերում էր հանրային հեռարձակող ընկերություններին, որտեղ, անկասկած, բարելավելու շատ բան կա», - ասաց Քրիս Ուոքերը:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG