Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Հակասական տեղեկություններ են հրապարակվել այսօր «Առավոտ» թերթում. առաջին էջում թերթը գրում է. - «Նախօրեին հրապարակված լուրի կապակցությամբ, թե «Օրինաց երկրի» համամասնական ցուցակում 13-րդը՝ Սամվել Ֆարմանյանը որոշել է հեռանալ կուսակցությունից, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն «Առավոտին» ասաց. «Նման բան չկա, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, Սամվել Ֆարմանյանը դուրս չի եկել կուսակցությունից: Այժմ Սամվել Ֆարմանյանն ուղղակի արձակուրդում է, որից հետո մեկնելու է արտերկիր՝ ուսման»: «Առավոտ»-ի երկրորդ էջում, մինչդեռ, զետեղված է Սամվել Ֆարմանյանի, Տիգրան Մկրտչյանի եւ Մարսել Աբրահամյանի նամակը, որը նրանք ավարտում են այսպես. - «Այլեւս ոչ նպատակահարմար ենք համարում մեր գործունեությունը կուսակցությունում եւ հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր անդամակցությունը ՕԵԿ-ին»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը մեջբերում է «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները. - «Հայաստանում հարցմանը մասնակցողների մեծ մասը իր ընտանիքի սոցիալական պայմանները քիչ թե շատ բարվոք է համարել, բայց պետության ընդհանուր վիճակը` ոչ այնքան... Հայերի ուղիղ կեսը գոհ է իր կյանքից, մյուս կեսը` դժգոհ: Համեմատության համար ասենք, որ, օրինակ, ռեսուրսներով հարուստ Ղազախստանում 73 տոկոսն է գոհ կյանքից, Բելառուսում եւ Ղրղըզստանում` 65 տոկոսը, իսկ Ուկրաինայում` ընդամենը 35 տոկոսը: Հայերը, ինչպես միշտ, լավատես են: Նրանց գրեթե կեսը (47 տոկոսը) վստահ է, որ առաջիկա մեկ տարում «ավելի լավ ենք ապրելու»: Թերթը մեկնաբանում է. - «Ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ հայերն արդեն կայունության եւ զարգացման մի փուլում են, երբ եղածը չի կարող բավարարել, բայց եւ ձեռքբերումներից նահանջ չկա. արդյունքն ամրագրում եւ հաստատ քայլերով անցնում են առաջ: Սա լավ գործնական մթնոլորտի վկայությունն է, որտեղ դժգոհությունը ընդամենը առաջ մղվելու ձգտման մասին է խոսում, ոչ թե ձեռքերը ծալած` բարիքների սպասելու»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, մինչդեռ, գրում է. - «Աշխարհում երեւի միայն Հայաստանն է, որ երկնիշ տնտեսական աճերով վագրաձեւ թռչկոտում է, բայց հընթացս գնալով էլ ավելի է կորցնում իր մրցունակությունը: Ընդ որում, մի տարօրինակ զուգադիպությամբ, որքան մեծ է մեր տնտեսական աճի տոկոսը, այնքան ավելի արագ է կորցնում մրցունակությունը: Այս պնդումը ապացուցում է անգամ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Խնդիրն այն է, որ այս տարվա առաջին չորս ամիսների պաշտոնական վիճակագրական տվյալներով` Հայաստանը ունեցել է տնտեսական ավելի քան 11 տոկոս աճ, բայց մյուս երկրների հետ առեւտրում մեր բացասական հաշվեկշիռը, այսինքն` արտահանման եւ ներմուծման տարբերությունը, աճել է մոտ 70 տոկոսով: Այսինքն` ունենալով տնտեսության անընդհատ երկնիշ տեմպով աճ, մենք գնալով ավելի շատ ապրանք ենք ներմուծում, քան արտահանում»:

«Տարեգիր»-ը փաստում է. - «Ինչպես երեւում է, Հայաստանի ընդդիմադիրները նախագահի ընտրություններում էլ են հիմնականում իրար դեմ պայքարելու: Գնալով ավելի ու ավելի հասկանալի է դառնում, որ Հայաստանի իշխանությունների լկտիությունների եւ սանձարձակությունների պատճառներից մեկն էլ մեր ընդդիմության անդեմությունն է ու թուլությունը: Եթե չհաշվենք «Իմպիչմենտ»-ի մի քանի նախընտրական հանրահավաքները, կարելի է ասել, որ մեր ընդդիմությունը, որպես այդպիսին, գոյություն չունի»:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, գերենալ Արթուր Աղաբեկյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Պատերազմի ելքը միայն ռազմական բյուջեով չի որոշվում։ 1993-ին, երբ զորամիավորման հրամանատար էի, տեղեկացանք, որ Ադրբեջանը 50 նոր T-72A տանկ է ձեռք բերել։ Մի քանի օր անց այդ տանկերից 10-ը արդեն իմ ղեկավարած ստորաբաժանման տնօրինության տակ էր։ Փողը ու սպառազինությունը նշանակություն է ստանում, երբ բանակը, զինվորը կամք ունի»։

«Չորրորդ իշխանության» թղթակիցը փորձել է տարբեր պաշտոնյաներից պարզել ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանի պաշտոնազրկման պատճառները: Սայադ Շիրինյան (ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ). - «Մեկնաբանության կարիք չկա: Դա ընդունեք որպես կայացած փաստ: Համակարգը քարացած չէ. եւ ինչպես նշանակումներ են լինում, այնպես էլ ազատումներ»: Վիկտոր Սողոմոնյան (ՀՀ նախագահի մամլո խոսնակ). - «Պաշտոնանկությունը արվել է նպատակահարմարությունից ելնելով»: Ռաֆիկ Պետրոսյան (ԱԺ հանրապետական պատգամավոր). - «Հենց նոր ես գալիս եմ գիտխորհրդի նիստից, որտեղ կողքս նստած էր փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը, ով ասաց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչու են աշխատանքից հեռացրել: Ասաց, որ իրենց էլ չեն ասել»:

«Իսկական իրավունք»-ը այսպիսի ենթադրություն է անում «Փանջունի» խորագրի տակ. - «Քանի որ Իմպիչմենտի միտինգային գործերից պարզ դարձավ, որ այլեւս Հայաստանում միտինգ չի լինելու, որոշում է կայացվել Վարյանին կրճատել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG