Մատչելիության հղումներ

logo-print

Սեֆիլյանի եւ Մալխասյանի պաշտպանները պահանջում են ազատ արձակել նրանց


Ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի պաշտպանները երեկ պահանջել են ազատ արձակել իրենց պաշտպանյալներին` պատճառաբանելով, որ դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրացել է:

Սեֆիլյանը եւ Մալխասյանը մեղադրվում են սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու հրապարակային կոչեր անելու մեջ:

Գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին եւ հայաստանյան այլ պաշտոնյաների հասցեագրված նամակում պաշտպանները փաստում են, որ «Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին կալանքի տակ պահելու ժամկետը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումներով երկարացվել էր մինչեւ հունիսի 10-֊ը»:

«Դրանից հետո մեր պաշտպանյալներին կալանքի տակ պահելու վերաբերյալ որեւէ դատական ակտ չի կայացվել, սակայն նրանք առ այսօր ապօրինաբար շարունակում են պահվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը պարտավորեցնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց»,֊ - ասված է նամակում:

«Հաշվի առնելով, որ դատարանի սահմանված ժամկետը լրանալուց հետո Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը շարունակում են ապօրինաբար պահվել անազատության մեջ, պահանջում ենք ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեր պաշտպանյալներին անհապաղ կալանքից ազատելու ուղղությամբ»,֊ - գրում են պաշտպանները:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք անօրինական որեւէ քայլ չեն տեսնում իրավապահների գործողություններում, քանի որ հիմք են ընդունում քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, թե «կալանքի ժամկետը կասեցվում է այն պահից, երբ դատավորը գործը ընդունում է վարույթ»:

Սեֆիլյանը եւ Մալխասյանը կալանվել էին անցած տարվա վերջին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG