Մատչելիության հղումներ

Աֆրոկուբայական ջազը Երեւանում


Այս տարի Հայաստան է ժամանել հարվածային գործիքներ նվագող Բոբի Սանաբրիան Quarteto Ache’ խմբով, որի մեջ ընդգրկված են սաքսոֆոնահար Փիթեր Բրեյնին, կոնտրաբասահար Ալեքս Հերնանդեզը եւ հրավիրված դաշնակահար հայազգի Արմեն Դոնելյանը: Նրանք երկու համերգ են ունենալու Հայաստանում. «Աստրալ» ակումբում` հունիսի 14-ին, եւ Կասկադում` հունիսի 15-ին:

Ամերիկյան այս խումբը ներկայացնելու է աֆրոկուբայական ջազ, որը զարմանալի խառնուրդ է Կուբայի ֆոլկլորի, «clave» կոչվող ռիթմի եւ երաժշտական լավ կրթություն ստացած երաժիշտների տաղանդի:

«Աֆրոկուբայական ջազը չի ծնվել Կուբայում, այն ծնունդ է առել Նյու Յորքում: Ռիթմը կուբայական է, սակայն հարմոնիան ջազային է: Այդ խառնորդը կարող էր ստացվել միայն Նյու Յորքում, քանի որ Նյու Յորքը նավահանգստային քաղաք է եւ այնտեղ միախառնված են տարբեր ազգերն ու մշակույթները», - բացատրում է Սանաբրիան:

Հայաստանի ջազմենների հետ խումբն արդեն հանդիպել է ակումբներում, սակայն իրար հետ նվագելու ժամանակ դեռ չի եղել: Դա հնարավոր կլինի անել ուրբաթ օրը Կասկադում, երբ խումբը հանդես կգա հայկական ջազ խմբերի հետ` Time Report, Art Voices, Վահագն Հայրապետյան եւ Կատուներ եւ The Zօօ:

Բոբի Սանաբրիան ասում է, որ Հայաստան գալու իր երկրորդ նպատակը նաեւ հայկական մեղեդիների ներառումն է իրենց երաժշտության մեջ: «Հայկական մեղեդին, հարմոնիան եւ կուբայական ռիթմերը հիանալի համադրություն կլինեն: Վաղը Կասկադում կարելի է ականատես լինել նման մի փորձի», - խոստացավ երաժիշտը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG