Մատչելիության հղումներ

logo-print
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել` 29 տոկոս: Այդ են վկայում «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթի եւ «Էն Բի Սի» հեռուստաընկերության կողմից համատեղ անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր:

Հունիսի 8-11-ը անցկացված այս հարցումից առաջ Բուշի ամենացածր վարկանիշը արձանագրվել էր 2006 թվականի դեկտեմբերին` 34 տոկոս:

Հարցմանը մասնակցած 1008 ամերիկացիների երկու երրորդը հավանություն չեն տվել Ջորջ Բուշի կողմից երկրի ղեկավարման ձեւին. դեկտեմբերին այդ ցուցանիշը 31 տոկոս էր:

Ամերիկացիների միայն 20 տոկոսն են կարծիք հայտնել, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում. այդ ցուցանիշը ապրիլին եւ դեկտեմբերին, համապատասխանաբար, 22 եւ 29 տոկոս էր:

Հարցվածների 68 տոկոսը գտնում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում, մինչդեռ կես տարի առաջ այդ կարծիքին էր հարցվածների 56 տոկոսը:

Նախագահական ընտրություններից մոտ մեկեւկես տարի առաջ անցկացված հարցման մասնակիցների 49 տոկոսը ասել են, թե իրենց իղձերը առավել լավ է արտահայտում Դեմոկրատական կուսակցությունը, իսկ Հանրապետական կուսակցության մասին նույնը ասել են 36 տոկոսը:

Հարցված ամերիկացիների 52 տոկոսը հայտարարել են, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում ձայն են տալու դեմոկրատ թեկնածուի, 31 տոկոսը` հանրապետական թեկնածուի օգտին:

Նախագահի պաշտոնում Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների առաջատար թեկնածուներ` ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի եւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի օգտին պատրաստվում են քվեարկել, համապատասխանաբար, ամերիկացիների 48 եւ 43 տոկոսը:

Այնուհանդերձ, դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսի վարկանիշը Բուշի վարկանիշից էլ ցածր է` 23 տոկոս:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ամերիկյան հասարակությունում Ջորջ Բուշի նկատմամբ վստահության կտրուկ անկումը կապված է Իրաքյան պատերազմի հանգուցալուծման ուղղությամբ ակնհայտ առաջընթացի բացակայության, ինչպես նաեւ 12 միլիոն անօրինական ներգաղթյալներին ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու հնարավորություն ընձեռող օրինագծին նախագահի աջակցության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG