Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցում է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի նիստին


Այսօր Բրյուսելում բացվում է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների ամենամյա նիստը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ընդգծեց, որ թեեւ Միքայել Հարությունյանը առաջին անգամ է մասնակցում, բայց մթնոլորտը նրան ծանոթ է` 10 տարուց ավելի նա մասնակցել է գլխավոր շտաբների պետերի նիստերին:

Նիստի օրակարգում, ըստ Սամվել Մկրտչյանի, ընդամենը մեկ կետ կա. այն վերաբերում է գործընկեր երկրների աջակցությանը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ կամ այլ բնույթի գործողություններին, որոնք վերջին շրջանում առավել հաճախ են իրականացվում, մասնավորապես` աջակցություն տարերային աղետների դեպքում:

«Արդյոք որեւէ փոփոխություն կա՞ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Հայաստանի տեսակետներում, եւ հնարավո՞ր է, որ Հայաստանը գործընկերության ծրագրից անցնի անդամակցության համար ավելի գործնական քայլերի», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Սամվել Մկրտչյանը պատասխանեց. - «Ոչ, այս պահին մենք նման քաղաքական որոշում չունենք, եւ ես պետք է անմիջապես հղում կատարեմ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի` վերջերս տված հարցազրույցներից մեկին, որտեղ նա եզրահանգում է, որ ներկա անվտանգության միջոցառումները, Հայաստանի անվտանգության ապահովման պայմանավորվածությունները այս պահին լիովին բավարարում են Հայաստանին, եւ մեր առջեւ այդպիսի խնդիր չկա դրված»:

«Ինչ վերաբերում է այս` գործընկերության ձեւաչափում ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը, ապա այստեղ Հայաստանի ղեկավարության որոշումը միանշանակ էր` դա շարունակել եւ դրանից քաղել այն օգուտները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացման համար», - ընդգծեց ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպանը:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին օրերս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ 2009 թվականին իր երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ կարծիք էր հայտնել, թե վաղ թե ուշ նման որոշում կկայացնեն նաեւ Հարավային Կովկասի մյուս երկու երկրները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG