Մատչելիության հղումներ

Freedom House-ը Հայաստանում հետընթաց է արձանագրել ժողովրդավարության, ազատ մամուլի եւ կառավարման ցուցիչներով


Հայաստանում որոշակի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության, ազատ մամուլի եւ կառավարման ցուցիչներով, իսկ մյուսները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացներին, քաղաքացիական հասարակությանը, դատաիրավական համակարգին եւ կոռուպցիային, մնացել են անփոփոխ: Արդյունքում, համաձայն Freedom House իրավապաշտպան կազմակերպության` այսօր հրապարակած զեկույցի, Հայաստանի ընդհանուր ցուցանիշը անկում է ապրել:

«Թեեւ Հայաստանը կոմունիստական կառավարումից հրաժարված խորհրդային առաջին հանրապետություններից էր, սակայն վերահսկման եւ հավասարակշռման արդյունավետ համակարգի բացակայությունը պարարտ հող ստեղծեց թույլ կառավարման եւ համատարած կոռուպցիայի համար: Երկրի քաղաքական եւ տնտեսական վերնախավերի սերտ կապերը խափանեցին թափանցիկ, ժողովրդավարական պետական ինստիտուտների կայացումը», - ասված է զեկույցում: - «Կեղծված ընտրությունները նպաստեցին իշխանությունների հանդեպ հանրության ցինիզմի եւ ընտրություններին ու հասարակական գործունեությանը մասնակցելու կարեւորության հանդեպ թերահավատության արմատացմանը: Ի հավելումն, հասարակությունը կորցրեց հավատը հակակոռուպցիոն միջոցներ ձեռնարկելու` իշխանությունների քաղաքական կամքի հանդեպ»:

Անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության հարցերին` Freedom House-ը նշում է. - «2006 թվականի ընթացքում լայնորեն քննարկվում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգը: Lրատվական կազմակերպությունները, երբեմն հաջող, զբաղվում էին Հայաստանի հեռուստառադիոընկերությունների լիցենզավորման օրենսդրության եւ կառավարության առաջարկած` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման կանոնակարգի փոփոխման լոբբինգով: Թեեւ լրագրողական հանրությանը հաջողվել է որոշակի առաջընթացների հասնել կառավարության` լրատվական դաշտի հետ կապված քաղաքականության վրա ազդելու հարցում, լրագրողների դեմ բռնության բազմաթիվ դեպքերը ի չիք են դարձնում այդ հաջողությունները»:

Freedom House միջազգային կազմակերպության՝ 2006 թվականի գնահատականներով, մամուլի ազատության տեսակետից Հայաստանը աշխարհի 194 երկրների ցուցակում գրավում էր 137-րդ տեղը: Հայաստանի մամուլը արդեն 4 տարի շարունակ գնահատվում է «ոչ ազատ»:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG