Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ը «Ծեծկռտուք ՀՀ ոստիկանապետի սենյակում» վերնագրված հրապարակման մեջ պնդում է, որ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին աշխատանքից հեռացրել են խուլիգանության համար: Վկայակոչելով իր աղբյուրները` թերթը փոխանցում է. - «Մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն իր մոտ է հրավիրել Հովհաննես Վարյանին եւ շատ մեղմ տոնով ասել, որ պետավտոտեսչությունն այլեւս վերահսկելու է ոչ թե նա, այլ իր տեղակալներից մեկ ուրիշը: Այստեղ բազմափորձ Վարյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա հայհոյել է իր շեֆին: Բնականաբար, Հայկ Հարությունյանը չի դիմացել վիրավորանքին եւ ապտակել է իր տեղակալին: Ըստ մեզ հասած լուրերի, Վարյանը պատասխան հարված է հասցրել: Ծեծկռտուքը կանխել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Բարեբախտաբար, սենյակ ներխուժածների թվում չի եղել քրեականի պետ Կրակեմ Հրաչը»:

«168 ժամ»-ը գրում է. - «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի երկնիշ տնտեսական աճը ապահովվում է հիմնականում շինարարության հաշվին: Կշարունակի՞ արդյոք շինարարությունը աճել նույն տեմպերով: Ոչ, շինարարության ծավալները նույն տեմպերով չեն աճի: Այդ միտումը ակնհայտ է արդեն այսօր: Եվ դա հասկանալի է. Երեւանում այսօր հիմնականում բնակելի շենքեր են կառուցվում, իսկ բնակչության թիվը չի աճում: Ո՞ւմ համար պիտի կառուցեն: Նայեք «էլիտար» շենքերին. հիմնականում դատարկ են: Նայեք Երեւանի արվարձանների «էլիտար» թաղամասերին: Ամենուրեք մեկը մյուսից շքեղ առանձնատներ են, ու բոլորը` դատարկ: Ապրողներ չկան: Իսկ դա նշանակում է, որ շինարարության ծավալները առաջիկայում կտրուկ նվազելու են: Հետեւաբար` երկնիշ տնտեսական աճը հօդս է ցնդելու»:

«Սահմանադրական դատարանում մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները վիճարկելիս ՍԴ-ն հարցում էր ուղարկել, թե ՀՀ քանի քաղաքացի է գտնվում Հայաստանից դուրս», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը` հավելելով. - «Ստացվեց սպանիչ պատասխան: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ պատասխանի մեջ գրված էր թիվ` 4 հազար 931 մարդ... Հենվելով խիստ պաշտոնական, Հայաստանի վարչապետի ստորագրած այս թվի վրա` փորձենք պարզ հաշվարկներ անել: Օրինակ, Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով, անցած տարի Հայաստանի բնակչությունը մասնավոր տրանսֆերտների տեսքով ստացել է մոտ 1,5 միլիարդ դոլար: Ստացվում է, որ, պաշտոնական տվյալներով, արտերկրում գտնվող մեր 4 հազար 931 քաղաքացիներից յուրաքանչյուրը իր բարեկամներին ու հարազատներին ուղարկել է մոտ 300 հազար դոլար»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Հիշո՞ւմ եք, նախընտրական արշավի ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը մի քանի տասնյակ անգամ հանգերգի նման կրկնում էր. «Ծառուկյանին ոչինչ պետք չէ, Ծառուկյանն ամեն ինչ ունի, Ծառուկյանն ուզում է, որ ժողովրդին լավ լինի»: Դա էլ նույն կարծրատիպի հակառակ կողմն է` «ես լավ տղա եմ, ես պաշտոն չեմ ուզում»: Այսինքն` պաշտոն ունենալը մի չարագործություն է, մի ամոթալի բան, որի բացասական բարոյական հետեւանքները կարող են փոխհատուցվել միայն նյութական օգուտներով: Այդպես է պետական ծառայությունն ընկալվում թե' հասարակության, թե' իրենց` պաշտոնյաների կողմից»:

Արվեստաբան, նկարիչ եւ մանկավարժ Արման Գրիգորյանը «Ժամանակ-Երեւան»-ում փաստում է. - «Այն ամենը, ինչը մենք համարում ենք եվրոպական, արեւմուտքից եկած արժեքներ, եվրոպացի պահպանողականները համարում են արեւելքից եկած: Մի օրինակ կարող եմ բերել. կանայք Հայաստանում ընտրելու իրավունք ավելի շուտ են ունեցել, քան` Ֆրանսիայում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG