Մատչելիության հղումներ

Իրանը մահապատիժ է սահմանում պոռնոգրաֆիկ ֆիլմեր նկարահանողների համար


Իրանի խորհրդարանը այսօր ընդունել է օրինագիծ, որով պոռնոգրաֆիկ ֆիլմեր նկարահանողները կարող են մահվան դատապարտվել:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, խորհրդարանի 290 պատգամավորների կեսից ավելին կողմ են քվեարկել նախագծին, համաձայն որի` «պոռնոգրաֆիկ արտադրանք եւ դրանց արտադրության հիմնական տարրեր ստեղծողները համարվում են աշխարհը այլասերողներ եւ կարող են պատժի դատապարտվել որպես աշխարհը այլասերողներ»:

«Աշխարհը այյլասերողներ» հասկացությունը վերցված է Ղուրանից եւ անհատի գործած ծանրագույն հանցագործություններից է համարվում. Իրանի իսլամական քրեական օրենսգրքով այդ հանցագործության համար մահապատիժ է սահմանված:

«Հիմնական տարրերը», որոնք հիշատակված են օրինագծում, վերաբերում են պոռնոգրաֆիկ ֆիլմի նկարահանման մեջ ներգրավված պրոդյուսերներին, ռեժիսորներին, օպերատորներին եւ դերասաններին:

Մեկ տարվա ազատազրկումից մինչեւ մահապատիժ է սահմանված նման ֆիլմեր տարածողների, ինչպես նաեւ պոռնոգրաֆիկ նյութեր պարունակող կայքէջեր ստեղծողների համար:

Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է հաստատվի նաեւ Պահապան խորհրդի կողմից, որը Իրանում հետեւում է օրենսդրության համապատասխանությանը երկրի սահմանադրությանը:

Ըստ տարածված կարծիքի, օրինագծի ընդունումը կապված է նախորդ տարի Իրանում տեղ գտած մի սկանդալի հետ, երբ երկրով մեկ, ինչպես նաեւ Ինտերնետում տարածվել էր պոռնոգրաֆիկ բնույթի մի տեսանյութ, որում ենթադրաբար պատկերված էր դերասանուհի Զահրա Ամիր Էբրահիմին:

Էբրահիմին ներկայումս դատական հետապնդման է ենթարկվում, իսկ տեսանյութում պատկերված տղամարդը, ում կասկածում են այն տարածելու մեջ, նախ փախել էր Հայաստան, ապա վերադառնալով Իրան` ազատազրկվել բարոյական օրենքները խախտելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG