Մատչելիության հղումներ

Ըստ ռուսաստանցի փորձագետի, Սերբիային պաշտպանելը բխում է Մոսկվայի ռազմավարական շահերից


Պաշտոնական Մոսկվայի ռազմավարական շահերից է բխում Կոսովոյի հարցում Սերբիային պաշտպանելը` պահպանելով իր դիրքերը Բալկաններում: Այս կարծիքին է Մոսկվայում գործող «Նասլեդիե» հիմնադրամի նախագահ Եվգենի Վոլկը:

Փորձագետի խոսքերով, Ռուսաստանը ավանդաբար հույսը կապում է Սերբիայի հետ` որպես Բալկաններում իր վերջին դաշնակցի, եւ եթե Ռուսաստանը ճանաչի Կոսովոյի անկախությունը, սերբերի հիասթափությունը շատ խորն է լինելու. դրանից հետո Սերբիան կհետեւի Բալկաններում իր հարեւանների օրինակին եւ արագացված տեմպերով կձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, ինչը Ռուսաստանը ցանկանում է ամեն գնով կանխել:

Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչը զգուշացրել է Միացյալ Նահանգներին եւ այլ երկրներին` չճանաչել Կոսովոյի անկախությունը առանց ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի ընդունման: Իսկ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի ծրագրի հեղինակ Մարտի Ահտիսաարին հայտարարել է, թե չի տեսնում որեւէ այլ լուծում, քան Կոսովոյի անկախությունը:

Ինչպես ընդգծեց Եվգենի Վոլկը, «Ռուսաստանը շատ անզիջում դիրքորոշում է որդեգրել այս հարցում եւ պատրաստ է ցանկացած միջոցի դիմել` ընդհուպ մինչեւ արգելքը եւ վետոյի կիրառումը, եթե Կոսովոյի անկախությունը ճանաչող բանաձեւը ներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»:

Որոշ մեկնաբաններ չեն բացառում, որ եթե Ռուսաստանը շարունակի առարկել, արեւմտյան մի քանի երկրներ կարող են պարզապես միակողմանիորեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն այդ դեպքում հնարավոր է «շղթայական ռեակցիա»՝ նախկին խորհրդային տարածքի ինքնահռչակ հանրապետությունների` Մերձդնեստրի, Lեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչում եւ նոր առճակատում Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ:

Այդ կարծիքին է, մասնավորապես, Բալկանների եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ, Ռուսաստանի պատմության ինստիտուտի դասախոս Արտյոմ Ուլունյանը. - «Դա, իհարկե, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերություններում: Եվ երկրորդ, Ռուսաստանը կարող է սեփական գործողությունները ձեռնարկել հետխորհրդային տարածքում, որտեղ գոյություն ունեն ինքնահռչակ եւ չճանաչված կազմավորումներ»:

Ուլունյանի կարծիքով, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները լուրջ պատճառներ ունեն Կոսովոյի անկախացման հարցի լուծումը արագացնելու համար. - «Մեծ ութնյակի գագաթնաժողովում, ինչպես նաեւ Բուշի եվրոպական հաջորդ շրջագայությունների ընթացքում հենց Կոսովոյի հիմնախնդրի` ուշադրության կենտրոնում հայտնվելը վկայում է, որ ազգային անվտանգության տեսանկյունից Վաշինգտոնին անհրաժեշտ է լուծել խնդիրը մինչեւ այս տարեվերջ: Երկրորդը Եվրոպայում ուժերի համախմբման խնդիրն է` առանց Կոսովոյի հնարավոր չէ իրականացնել Եվրոպայում էկոնոմիկայի եւ միգրացիայի հետ կապված ծրագրերը»:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG